Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքի ընթացքում մտքում առանձնացնում է կարևորն ու անկարևորը՝ լինի դա ցանկություն, երազանք, նպատակ, իրադարձություն, հատկանիշ: Այս շարքը կարելի է երկար թվել, քանի որ մարդկանց մտքերն ու ընկալումները խիստ տարբեր են: Այսօր էլ «Առավոտ երիտասարդականը» որոշեց անդրադառնալ հենց այդ թեմային՝ պարզելով, թե ո՞րն է ամենակարևորը:
«Ինձ համար ամենակարևորը երջանիկ ու խաղաղ ընտանիք ունենալն է», – ասում է 25-ամյա Օլգան:
«Այս պահին կարելի է ասել ամենակարևորն ինձ համար համալսարան ընդունվելն է, – ասում է 17-ամյա Եվան, – այն հիմա և՛ երազանք է, և՛ նպատակ, և՛ ձգտում»:
23-ամյա Պետրոսի համար էլ չկա ավելի կարևոր բան, քան սիրելիի կողքին գտնվելը. «Ես ապրում եմ իմ կյանքի ամենակարևոր շրջանը և համոզված եմ, որ ամենակարևորն իմ կյանքում հարատև է լինելու», – ասում է նա:
Կարդացեք նաև
«Ինձ համար ամենակարևորը հայրիկիս շուտափույթ ապաքինումն է, – ասում է 20-ամյա Հասմիկը, – իմ երջանկությունը հիմա դրանից է կախված»:
19-ամյա Վիկայի համար էլ ամենակարևորը բարեկեցիկ ապրելակերպն է. «Սեր, երջանկություն, ու մի քիչ էլ փող, – ասում է նա, – այլ կերպ ասած՝ բարեկեցիկ ապրելակերպ»:
«Կյանքում շատ բաներ կառանձնացնեմ որպես ամենակարևորներ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող ասել՝ ո՞րն է մյուսից ավելի կարևոր, – ասաց 24-ամյա Սերինեն ու թվարկեց, – սեր, հարգանք, հավատարմություն, անկեղծություն, ընկերասիրություն…»:
«Ինձ համար ամենակարևորը առողջությունն է, – ասում է 25-ամյա Ռոբերտն ու ավելացնում, – միայն այդ դեպքում մարդ կկարողանա հասնել նպատակներին, եթե իհարկե լինի ցանկություն»:
Տիգրանուհի Թասլակյան