Այսուհետ Վանաձորը hամահայկական երիտասարդական մայրաքաղաք է: Գաղափարը «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Մենուա Բրուտյանինն է, որը եւ շուրջ 7 ամիս տեւած աշխատանքներից հետո ծրագիրը ներկայացրեց հանրությանը:
«Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու ծրագիրը ուղղված է նպաստելու աշխարհասփյուռ հայ երիտասարդության շրջանում ձեւավորվող հայեցի միասնական մտածողությանը եւ շփումների արդյունքում ստեղծել համագործակցային դաշտ: Նախատեսվում է ապահովել հայրենիքի, արցախահայության եւ աշխարհասփյուռ հայ երիտասարդության միջեւ կապը:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարության հռչակած «Մարզերի համաչափ զարգացման, զբոսաշրջության զարգացման եւ ապակենտրոնացման քաղաքականության» իրագործմանը, համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը համահայկական նշանակությամբ խնդիրների միասնական լուծման գաղափարի շուրջ, աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը ներգրավել եւ մասնակից դարձնել համանման խնդիրների լուծման գործընթացին` հաշվի առնելով վերջիններիս ներուժն ու պատրաստակամությունը, նպաստել աշխարհասփյուռ հայ երիտասարդների եւ հայրենիքի միջեւ կապի ամրապնդմանը, նպաստել Վանաձորի հասարակական, մշակութային կյանքի եւ զբոսաշրջության զարգացմանը:
Կարդացեք նաև
«Ապրում ենք այնպիսի քաղաքում, որտեղ պետական և մասնավոր բուհ-երի բազմազանություն ու ակտիվ երիտասարդություն ունենք, այս երկուսը հաշվի առնելով կարծում ենք` հենց Վանաձոր քաղաքը կարող է լինել երիտասարդական մայրաքաղաք, որը հետագայում կնպաստի քաղաքի հետագա զարգացմանը»,-ավելի վաղ ասել էր Մենուա Բրուտյանը:
Ծրագրի իրականացմանը աջակցություն է ցուցաբերել ՀՀ Լոռու մարզպետարանը, ինչպես նաեւ Վանաձորի քաղաքապետարանը:
«Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք հռչակելու մասին «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախաձեռնությունը աննախադեպ եւ անգնահատելի քայլ էր»,-ծրագրի ներկայացման ժամանակ իր կարծիքն արտահայտեց ՀՀ Լոռու մազպետ Արթուր Նալբանդյանը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ ընդգծեց, որ միշտ աջակցելու են ծրագրին:
«Ինձ համար իրոք տոն է, երբ մեր շատ սիրելի Վանաձորն այսօր դառնում է երիտասարդության մայրաքաղաք: Ես, քաղաքապետարանը, մարզպետարանը ամուր կանգնած ենք երիտասարդների թիկունքին, եւ այն բոլոր ծրագրերը, որոնք դուք ցանկանում եք կյանքի կոչել, իմացեք, որ միշտ Ձեր թիկունքին ենք, միշտ աջակցելու ենք»,-ասաց Սամվել Դարբինյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ