Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերի հետ՝ գերակա ճյուղ է հայտարարվել նաեւ կոնյակագործությունը, եւ քանի որ վերջերս տեղացած կարկուտը հսկայական վնասներ է հասցրել խաղողի այգիներին, ուստի Aravot.am-ը փորձեց պարզել թե որքանո՞վ է կարկուտն ազդել գերակա ճյուղին:
Պարզվում է Երեւանի կոնյակի գործարանն իր բիզնեսը բավականին հեռատեսորեն է կազմակերպում եւ խաղողի բերքի քչությունն ամենեւին էլ գործարանի արտադրության ծավալների վրա չի ազդել.
«Վերջերս տեղի ունեցած կարկտահարության հետևանքով վնասված խաղողի ծավալները չեն անդրադառնա Երեւանի կոնյակի գործարանին իրապես անհրաժեշտ պաշարների եւ արտադրության ծավալների վրա»,-այս մասին Aravot.am-ին հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ կարկտահարությունից գործարանի կոնյակի արտադրության ծավալները չեն նվազի, քանի որ, ինչպես հասարակայնության բաժնից վստահեցրին, ամեն տարի անհրաժեշտ քանակից ավելի խաղող են ձեռք բերում, ուստի պաշարների հաշվին արտադրության նախատեսված ծավալները կապահովվեն. «Հաշվի առնելով Հայաստանում խաղողագործության զարգացման խնդիրը, Երեւանի կոնյակի գործարանը յուրաքանչյուր տարի մթերման իր ծավալները սահմանում է հետևյալ կերպ` արտադրանքի սպառմանը համապատասխան անհրաժեշտ քանակ գումարած հնարավոր հավելյալ (առավել) քանակ` ֆերմերներին հնարավորինս աջակցելու համար»:
Կարդացեք նաև
Բացի այս, գործարանից նաեւ հայտնեցին, որ քննարկվում են մեխանիզմներ՝ գյուղացիների կրած վնասը մեղմելու նպատակով. «Մասնավորապես, անտոկոս ապառիկ եղանակով Երեւանի կոնյակի գործարանից ստացված բուժանյութերի և սրսկիչների գումարները կամ կզրոյացվեն, կամ մեկ տարով կհետաձգվեն»:
Aravot.am-ի այն հարցին էլ, թե գործարանն այս տարի խաղողի որքա՞ն մթերում էր նախատեսել, եւ գործարանն ունե՞ր նախնական պայմանավորվածություն գյուղացիների հետ, մեզ վստահեցրին, որ այս տարի նախատեսվում է մթերել մոտ 35 հազար տոննա խաղող. «Ավանդաբար մթերումները կազմակերպվում են նախապես հաստատած պայմանագրային հիմունքներով: Այս տարի ընկերությունը մեկնարկել է երկարաժամկետ պայմանագրերի կնքման գործընթացը, որի շրջանակներում առաջին փուլով նախատեսվում է կնքել 413 պայմանագրեր 7 տարի ժամկետով»:
Թե որքան բերք էր նախատեսված ստանալ մինչեւ կարկտահարությունը եւ որքան կստացվի դրանից հետո, փորձեցինք ճշտել գյուղատնտեսության նախարարությունից, որտեղից խոստացան առաջիկա օրերին պատասխանել:
Իսկ թե խաղողի դեֆիցիտի պայմաններում մյուս կոնյակագործներն ինչպե՞ս են պլանավորելու իրենց բիզնեսը, կներկայացնենք առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ