Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է խորամանկությունների գնալ

Մայիս 27,2013 16:02

«Իմ կարծիքով, «բեկումնայինի» համար նախապայմաններ այս պահին չկան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությանը:

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահը հայտարարել էր, որ 2013 թվականը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2013-2014 թվականներին Հայաստանը և Ադրբեջանը հաջորդաբար ստանձնելու են ԵԽԽՎ նախագահությունը: Եվրոպաշտոնյայի կարծիքով, դա փայլուն հնարավորություն է ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար: Ի դեպ, ղարաբաղաադբեջանական շփման գծում «ստատուս-քվոյի» այլեւս աննպատակահարմարության մասին անցած շաբաթ խոսել էր նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Իսկ մինչ այդ Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն էլ խոսել էր այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր մանդատը եւ պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր տարբերակներ որոնել:

«Ադրբեջանն ինչ-որ կերպ փորձում է ինչ-որ ձեւով մեղմացնել այն լկտի հայտարարությունները, որոնք մշտապես արել է վերջին ժամանակներում՝ հայատյաց, թշնամու կերպար ձեւավորող իր կողմից թե ներքին, թե արտաքին օգտագործման համար վարվող գիծը: Բոլորը տեսան, որ այդ քաղաքականությունը հաջողության չի բերում եւ իմ կարծիքով, հիմա Ադրբեջանը փորձում է որոշակի խորամանկությունների գնալ: Դա շատ բացահայտ է»,- ասում է Արամ Սարգսյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունները, որ բանակցային գործընթացն իրեն դեռ չի սպառել եւ ադրբեջանական կողմը պատրաստ է վերացնել շրջափակումը՝ «տարածքների վերադարձման» պարագայում: «Թեպետ հստակ չի ասվում, բայց հասկանալի է, որ խոսքը ԼՂՀ տարածքի մասին է ու դա էլ դարձել է մի խնդիր, որ նաեւ Լավրովն է ասում, որ շրջափակումը պետք է վերանա՝ համարելով, որ դա հայկական կողմի համար մեծագույն հաջողություն է ու արդեն հնարավոր կլինի խոսել նաեւ տնտեսական համագործակցության մասին: Այսինքն, հարցի բուն էությունը՝ ԼՂՀ-ի անկախ գոյատեւումն Ադրբեջանից, թողել են մի կողմ եւ հայկական կողմին փորձում են ներքաշել մի նոր գործընթացի մեջ, որը որեւէ առավելություն կամ ավելի շուտ արդարությանը ոչ մի տուրք չի տա: Այս տեսակետից, ես կարծում եմ, որ բոլորի գլուխն այժմ ցավում է միայն նրա համար, որպեսզի որքան հնարավոր է արագ լուծեն այդ խնդիրը, որովհետեւ, այժմ կարծես դա բոլորին է անհրաժեշտ»,- ասում է Արամ Սարգսյանը նկատելով, որ Հայաստանի տարածքն այժմ դարձել է մի «գայթակղիչ բան, քանի որ այստեղ ով որ հիմնովին մնալու է՝ ավելի մեծ ազդեցություն է ունենալու ամբողջ տարածաշրջանի վրա. այդ է պատճառը, որ բոլորը շտապում են գրավել նախաձեռնողի տեղը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031