«Մայիսի 28-ին Երևանում կբացվի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կազմակերպել է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը (CANC) »,-այս մասին այսօր Golden Tulip հյուրանոցում ասաց Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի` 80 ֆիլմերից փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմ աշխարհի 24 երկրներից , այդ թվում՝ Հայաստանից և Արցախից, եվրոպական, ԱՊՀ, Ասիական երկրներից և ԱՄՆից: «Փառատոնին Արցախն առաջին անգամ է մասնակցում: Ոչ միայն մասնակցում, այլև հանդես է գալիս որպես առանձին երկիր»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ` փառատոնի մրցութային փուլ անցած հայկական ֆիլմերը 17-ն են: Ֆիլմերը պետք է լինեն ոչ կոմերցիոն, մոտ 20 րոպե տևողությամբ: «Կարող ենք ասել, որ մակարդակը այս տարի ակնհայտ ավելի բարձր է: Ֆիլմերը կցուցադրվեն վաղը Կինոյի տանը, 30-ին Մալյանի անվան թատրոնում, իսկ 31-ին` «Մոսկվա» կինոթատրոնում»:
Փառատոնը կտևի մեկ շաբաթ, որից հետո այն կանցկացվի նաև Մոսկվայում և Լոս Անջելեսում։
Կարդացեք նաև
Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են UNICA-ի կինո մասնագետներից, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ներկայացուցիչներից: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ժյուրիի անդամ, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հավելեց, որ սա լայն հնարավորություն է ընձեռված հանդես գալու, իրենց աշխատանքները ներկայացնելու համար. «Սովորական մարդկանց աշխատանքներ են, որոնց մեջ կային շատ լավ աշխատանքներ, որոնք երբեմն ինձ զարմացնում էին»,-ընդգծեց ռեժիսորը:
Նշենք, որ փառատոնն անց է կացվելու չորս անվանակարգերով եւ «Սա Հայաստանն է» լուսանկարչական մրցույթով, իսկ կինոդիտումների համար տոմսեր չեն վաճառվելու, լինելու են միայն հրավիրատոմսեր:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ