Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի անավարտ «Ներում» ֆիլմը պատմում է մարդկային խղճի մասին: Հաջողակ գործարարը 11 տարի հետո վերադառնում է, որպեսզի ներողություն խնդրի 11 տարբեր մարդկանցից նախկինում կատարած իր սխալների համար: Նա ներողություն է հայցում կնոջից, սիրուհուց, որդուց, ընկերոջից եւ այլոցից: Ֆիլմն առանձնանում է նրանով, որ գլխավոր հերոսն ամբողջ ֆիլմի ընթացքում չի երեւում, հերոսի ներկայությունը ֆիլմում արտահայտվում է միայն տեսախցիկի միջոցով: Առայժմ այսքանն է հայտնի «Ներում» ֆիլմի բովանդակությունից, սակայն, հայտնի է նաեւ, որ ֆինանսական դժվարությունների պատճառով ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ոչ մի կերպ չի կարողանում ավարտին հասցնել սկսած գործը:
«Ինձ համար կարեւոր է, որ հանդիսատեսը ֆիլմը նայելուց իրեն զգա, ինչպես գլխավոր հերոսը: Ֆիլմից հետո հանդիսատեսը չի տխրի, բայց մտածելու բան կունենա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Է. Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը չի հասկանում այն մարդկանց, ովքեր իրեն հորդորում են ավելի թեթեւ եւ հասկանալի ֆիլմեր նկարել:
Ռեժիսորի հետ խոսելով կինո եւ հանդիսատես շփման մասին՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք հայ հանդիսատեսն ունի՞ թերացում, եթե օրինակ նախընտրում է նայել Թոմաս Վինթերբերգի կամ Ժակ Օդիարի ֆիլմերը, իսկ հայ ռեժիսորների գործերից տեղյակ չէ:
«Թերացում, անշուշտ, ունի: Ես էլ եմ սիրում դանիական, ֆրանսիական ֆիլմեր, ավելի շատ սիրում եմ թուրքական ֆիլմեր, բայց հարցը նրանում է, որ մենք՝ հայերս, չափազանց օտարամոլ ենք: Հոլանդիայից մեկին կհրավիրենք-կբերենք Հայաստան, ոտքից գլուխ կլպստենք, բայց մերը չենք տեսնի, չենք գնահատի: Մեզ՝ հայերիս, երկու բան է միավորում՝ ցեղասպանությունն ու օտարամոլությունը»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ռեժիսորը չի սիրում կինոփառատոններ ու մրցանակներ, եթե դրանք ուղղված չեն մարդկային շփմանը ու ոլորտի ներկայացուցիչների մտահորիզոնը լայնացնելուն:
Այս տարի հետեւե՞լ եք Կաննի փառատոնին հարցին՝ ռեժիսորը բացասական պատասխան տվեց: Նրա կարծիքով՝ Կաննի կինոփառատոնը քաղաքականություն է, իսկ «Ոսկե ծիրանի» ծրագիրը տասն անգամ ավելի հետաքրքիր է, քան Կաննի ծրագիրը:
Է. Բաղդասարյանին ամենաշատը վրդովեցրել է այն փաստը, որ հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», բաժին է հասել
թունիսցի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի՝ ֆրանսիական արտադրության «Ադելի կյանքը» ժապավենին, որը պատմում է երկու լեսբուհիների սիրո մասին:
«Փարիզում մեկ միլիոնանոց երթ է տեղի ունենում համասեռամոլների ամուսնության ու երեխա որդեգրելու իրավունքի համար, իսկ Կաննում գլխավոր մրցանակը տալիս են լեսբուհիների սիրո մասին պատմող ֆիլմին: Ախր, էդ մեկ-երկու տարեկան երեխան չի հասկանում, չի կարող ընդդիմանալ իրեն որդեգրած համասեռամոլ ծնողներին»:
Իսկ ընդհանրապես ռեժիսորը կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին
Հայաստանում անցկացվող տարբեր կինոփառատոնները,ինչպես նաեւ արդեն 10-րդ տարին անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնն իր բարերար ազդեցությունը կունենան հայ ռեժիսորների աշխարհընկալման վրա:
Աշոտ ԱԹԱՅԱՆ