Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը «Գեյ շքերթի» եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ գնահատականները պատվիրված է համարում

Մայիս 27,2013 15:11

«Amnesty International («Միջազգային ներում») իրավապաշտպան կազմակերպությունը վաղուց իրեն որակազրկել է որպես լուրջ եւ օբյեկտիվ կազմակերպություն»,- Aravot.am-ին ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը` անդրադառնալով նշված կազմակերպության հրապարակած մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցին:

Հիշեցնենք, որ այս զեկույցում անդրադարձ կար նաեւ Գեորգի Վանյանի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման խոչընդոտմանն ու փառատոնի կազմակերպիչների ու համասեռականների հավաքատեղիի համբավ ունեցող DIY ակումբի վրա հարձակմանը:

Պարոն Քոչարյանի խոսքերով, «Amnesty International»-ի գնահատականները` կախված պատվիրատուներից, արագ փոփոխվում են. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը… Շատ հետաքրքիր կլիներ այդ կազմակերպության զեկույցներում լսել Գուանտանամո կղզում կալանավորված մարդկաց մասին կամ այն, ինչ կատարվում է Լիբիայիում, Սիրիայում, որտեղ կանդրադառնային, թե օրինակ ինչու է Ալ Քաիդան Սիրիայում մեծ աջակցություն ստանում ԱՄՆ-ի կողմից:

Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիրներ կան ոչ թե համասեռամոլների շքերթ կամ սրճարանի վառել եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոն, դրանց վրա շեղվել պետք չէ: Պարզ է որ վատ-վատ բաներ պետք է գրեին. քանի որ հիմնվում են տեղական փորձագետների կարծիքի վրա, որովհետեւ սնվում են նույն կթու կովից: Այսինքն որեւէ օբյեկտիվության մասին խոսք գնալ չի կարող: Եթե լավ բաներ գրեն, Հայաստան ֆինանսական հոսքը դադարելու է: Բայց մարդիկ պետք է ընտանիք պահեն, հանգստավայրեր գնան, անունը դնեն սեմինարներ»:

Տ. Քոչարյանի խոսքերով, «Amnesty International»-ի զեկույցը ոչնչով չի տարբերվում ԱՄՆ ՊԵտդեպի զեկույցից. «Որեւէ տարբերություն չեմ տեսել… Երբ ձեռ է տալիս՝ իրենց որոշ բաների վրա աչք են փակում, օրինակ խորհրդարանական, մայիսյան ընտրությունների դեպքում շատ լավ գնահատական տվեցին ԱՄՆ-ի եւ այլ երկրների դեպանատները: Իսկ երբ պետք է Հայաստանը ճնշել, միանգամից բուսնում են «Amnesty International» կազմակերպությունների նմանները , որոնք սկսում են Հայաստանի վարկի հետ խաղալ: Այսինքն, այդ բոլոր կարծիքները մահակի դեր են խաղում Հայաստանի իշխանությունների, կառավարության վրա, եթե փորձում են շեղվել Արեւմուտքի կողմից նախատեսված կուրսից: Երբ որ պետք է՝ լռում են, երբ որ պետք է՝ աղաղակում են, երբ որ պետք է՝ «Հազարամյակի ծրագիր» են տանում, երբ որ պետք է՝ փշի-փշի են անում: Որեւէ օբյեկտիվություն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չի ստացվում»:

Նա վստահեցրեց, որ հասարակության դիրքորոշումը ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության հարցում անփոփոխ է մնացել. « Գեյ շքերթի եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության վերաբերյալ հասարակության դիրքորոշումը նույնն է մնացել: Վանյանի ֆիլմերի հետ կապված, նորից ասեմ, որ մարդը սովորական բիզնես է անում այս ամեն ինչի վրա եւ այդ թեման իրեն շահույթ է բերում: Գեյ շքերթի հետ կապված գտնվում ենք դատական գործընթացի մեջ, եթե չեմ սխալվում, դատը դեռ չի սկսվել, եւ դատարանը պետք է որոշի: Այդ կազմակերպության ելույթները կարելի է դիտարկել նաեւ որպես միջամտություն դատական գործընթացի մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունը դա պետք է քաջ գիտակցեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031