Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի` «ՄԱՊ-ի Ալիկի» դաշտերն էլ են կարկուտից տուժել, բայց նրան օգնություն պետք չէ (Տեսանյութ)

Մայիս 27,2013 15:03

ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի, որը «ՄԱՊ» ընկերության սեփականատերն է, առաջարկով կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար հիմնադրամ է ստեղծվել: Այսօր պարոն Պետրոսյանը «Սլաք» մամուլի ակումբում ներկայացրեց, թե երբ եւ ինչպես են բաշխվելու հիմնադրամում գոյացած միջոցները: Օգնությունը կստանան 46 համայքների եւ օրերս էլ կրկին կարկուտից տուժած Լոռու մարզի 4 համայնքների բնակիչները: Ընդհանուր առմամբ` 22 հազար ընտանիք: Գումարները կբաժանվեն հավասարապես:

Գյուղացիների այգիներ այցելած եւ կարկուտի հետքերը տեսած օրվանից ԱԺ պատգամավորը չի կարողանում մոռանալ, թե ինչպիսի աղետի են ենթարկվել մարդկանց այգիները. «Գյուղացիների վիճակը շատ ծանր է: 14 օր անցել է աղետից եւ այսօր ավելի ցայտուն են երեւում վնասի չափերը, Հայաստանը կարկուտի գոտի է, բայց հարյուր տարի նման կարկուտ չէր եղել մեզ մոտ: Կարծես հրդեհի բաժին դարձած լինեն այգիները»,-ասաց Ալեքսան Պետրոսյանը:

Ըստ պարոն Պետրոսյանի, հիմնադրամը հավաքված գումարների չափը կամփոփի

օգոստոսի 1-ին: Իսկ մինչ այդ, օր ու գիշեր կաշխատի` համայն հայությանը կոչ անելով միանալ դրամահավաքին. «Ամեն մի հայ մարդու պարտականությունն է օգնել տուժած գյուղացիներին: Այդ մարդիկ մուրացկան չեն, աշխատասեր, հողի մարդիկ են շատ հայրենասեր ու հողի վրա բարիք ստեղծող մարդիկ են:Կոչ ենք անում արտերկրի բոլոր հայրենակիցներին, դոնոր կազմակերպություններին,մեծահոգի մարդկանց, Հայաստանում  գործող դիվանագիտական կառույցներին օգնելու: Կարկուտը նույն երկրաշարժն է` գյուղատնտեսության մեջ: Այսօր 65 հազար մարդ օրվա հացի կարիք ունի, օրվա ապրելու կարիք ունի»:

Հիմնադրամի տնօրենը պատգամավորի որդին է. «11 միլիոն դրամ խոստացել է հատկացնել ոստիկանությունը: Սա այն դեպքն է, որ մասնավորը, պետական կառույցները, բոլորը պետք է աջակցեն»,-համոզված է պատգամավորը:
ԱԺ պատգամավորն ինչպե՞ս կգնահատի ներկայիս գյուղնախարարի աշխատանքը՝ այս հարցին ի պատասխան պարոն Պետրոսյանն ասաց. «Այսօր մենք չունենք գյուղատնտեսության մասին օրենք, այդ պատճառով էլ չենք կարող ասել, որտե՞ղ է այդ օրենքը շրջանցվել, որտե՞ղ են թերացել իրենց աշխատանքում եւ այլն: Բնական աղետներ են դրանք եւ խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է պատրաստ լինենք այդ բնական աղետներին դիմագրավելու: Հարցն այն է՝ որքանո՞վ ենք պատրաստ եւ ի՞նչ միջոցներ ենք ձեռնարկում, որ հասցված վնասի հետեւանքները քիչ լինեն: Երբ օրենք կունենանք՝ այդ ժամանակ էլ կարող ենք գնահատել աշխատանքը»:

Ինչ վերաբերում է կառավարության այն որոշմանը, որ բանկերի` գյուղացիներին հատկացված մայր գումարները սառեցվելու են, իսկ տոկոսները` ոչ, պարոն Պետրոսյանն ասաց, որ ԿԲ նախագահից այս հարցի վերաբերյալ իրենք էլ հստակ պատասխան չեն ստացել, սակայն ԱԺ պատգամավորին զայրացնում են գյուղացիներին հատկացվելիք վարկերի բարձր տոկոսները: Ըստ նրա, եթե այդքան մեծ տոկոսներ բանկերին չվճարեին, գյուղացիներն այսօր կողքի դրած գումար կունենային եւ այսքան ծանր վիճակի մեջ չէին ընկնի: Ալեքսան Պետրոսյանի մեկնաբանությունները առավել մանրամասն` տեսանյութում.

ԱԺ պատգամավորի` Արմավիրի մարզում ունեցած 100 հեկտար հողատարածքի բերքի 70 տոկոսը նույնպես կարկտահարվել է, սակայն պատգամավորը վստահեցրեց, որ իրեն օգնություն պետք չէ եւ իր հասանելիք օգնությունը նույնպես կբաժանվի գյուղացուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031