Լրահոս
Օրվա լրահոսը

Կեցություն, ուսման վարձ, աշխատանք.Սիրիահայ ուսանողների հիմնական խնդիրները

Մայիս 27,2013 14:56

«Հայաստանում այսօր ուսանում է մոտավորապես 4000 սփյուռքահայ ուսանող, որոնցից 250-ը սիրիահայ են: Մեր նպատակը երիտասարդների արագ ինտեգրումն է հասարակության մեջ»,-այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասաց «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» նախագահ Սամվել Մկոյանը:

Ըստ բանախոսի` նախնական հաշվարկով սիրիահայ ուսանողների 60-ից 70 տոկոսը հաստատվել են Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, ինչը պայմանավորված է այդ երկրում առկա պատերազմով:

Վերջինիս փոխանցմամբ` սիրիահայ երիտասարդների խնդիրները շատ են, սկսած կեցության խնդրից ( 30-40%) մինչև ուսման վարձ, աշխատանքի տեղավորման հարցեր, ինչպես նաև լեզվի խնդիրը՝ ոչ միայն արևմտահայերեն, այլև ռուսերեն։

«Սփյուռքի նախարարի հորդորով էր, որ մենք ստեղծեցինք սփյուռքահայերի խնդիրները կոորդինացնելու մարմին։ Կառավարության որոշմամբ՝ սիրիահայերի վարձավճարները հավասարեցվել են Հայաստանի ուսանողների վարձավճարներին, իսկ զրո կուրսում 50% զեղչվել է»։

Բանախոսն անդրադառնալով խնդրի լուծման տարբերակներին՝ ասաց, որ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 40 մլն դրամ է հատկացրել սիրիահայ ուսանողների վարձավճարների համար. «Ընդհանուր մոտ 80 մլն է կազմում, փորձել են այնպես անել, որ մինչև 350 000 դրամ վարձավճարի դեպքում վճարվի ամբողջությամբ, իսկ եթե 350 000-ից բարձր է, ապա միայն 350 000-ն են փոխանցում, մնացած մասը ուսանողն ինքն է վճարում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կեցության և աշխատանքային խնդիրների որոշակի լուծմանը, ապա Մկոյանը նշեց, որ աշխատանքի տեղավորման հարցում նախարարությունը մի քանի հարյուր կազմակերպությունների հետ հանդիպումներ է ունեցել. «Հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց համագործակցության արդյունքում աշխատանքի են ընդունվել մեծ թվով ուսանողներ: Սիրիահայերի խնդիրները համակարգող մարմինը տեղյակ է, որ օրինակ՝ «Հայ օգնության միավորումը» որոշակի չափով վճարում է տան վարձերը, բացի այդ, Հայ կաթողիկե եկեղեցին մոտ 50 ընտանիքի է տեղավորել»։

Արաքս Մաղտեսյանը սփյուքահայ ուսանողներից է, ով շուրջ 3 տարի ապրում է Հայաստանում: «Սովորում եմ կոնսերվատորիայում: Ինձ համար այստեղ անհաղթահարելի խոչընդոտներ չեն եղել, քանի որ ինչ հարց, որ եղել է՝ դիմել եմ խորհրդին և նրանք օգնել են»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031