Aravot.am-ի հետ զրույցում Առաջին հանրապետության օրվա հռչակման առիթով գրող, հրապարակախոս, խորհրդային այլախոհ, նախկին քաղբանտարկյալ Մերուժանը հիշեց 1962թ.՝ Գարեգին Նժդեհի վախճանից ուղիղ 6 տարի անց, իր եւ վեց համախոհ մտավորականների, այդ թվում՝ Վիգեն Բաբայանի, Խաչիկ Սաֆարյանի, Կարապետ Քիրամիդջյանի եւ մյուսների ձերբակալումն ու 5 տարվա ազատազրկման դատապարտվելը՝ հանուն այսօրվա անկախ հանրապետության կայացման:
Մեր զրուցակցի խոսքերով՝ իր ստեղծագործական վերելքը ապրել է խորհրդային բռնության օջախներում, ուր գրվել են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հետագայում հրատարակվել են 35 արձակ եւ չափածո ժողովածուներով:
Ի դեպ, Մերուժանը իր պատիժը կրել է Վլադիմիրի բանտում, որտեղ իր մահկանացուն է կնքել Գարեգին Նժդեհը: «Հենց այդտեղ էլ ստեղծվեց «Վլադիմիրի բանտում» օրագրային արձակը, ինչպես նաեւ բանտային պոեզիաս, որը հետագայում հրապարակվեց «Մորմոքլի պսակներ» խորագրով»,- հայտնեց բանաստեղծը:
Վերջին շրջանում առանձնանում է բանաստեղծի լիրիկական պոեզիան, ինչի արդյունք են օրերս լույս տեսած նրա հերթական՝ «Իմ բուրվառից» եւ «Անվախճան գեղեցկություն» բանաստեղծությունների ժողովածուները: Ընդ որում, ինչպես այս, այնպես էլ նախկին 24 ժողովածուների շապիկին նույն կնոջ դիմանկարն է (լուսանկարում): Այս առիթով Մերուժանն ասաց. «Նա, ում լուսանկարով գեղազարդված են ժողովածուներիս մեծ մասը, այսօր էլ մնում է իմ ստեղծագործության կենսաղբյուրը: Այդ կինը Կարինե Կիրակոսյանն է, որը կյանքումս հանդիպած կանանցից միակն ու անկրկնելին է, ով մղում է ինձ կերտելու կանացի քնքշությունը՝ որպես կանացիությունը դրսեւորող խորհրդանիշ»:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ