Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարված չեն Հայաստանի, հայ ազգի գլխավոր հերոսների մասին շարժանկարները

Մայիս 27,2013 14:08

Հարգելի կինոգործիչնե´ր

Չնայած Հայաստանում շարժանկարների արտադրության վատ վիճակի մասին շատ է խոսվում, բայց, այնուամենայնիվ, այստեղ էլ են արտադրվում շարժանկարներ: Լավն են դրանք, թե վատն են՝ այլ խոսակցության նյութ է. վատերն էլ կան, լավերն էլ: Հիմա այդ մասին չէ խոսքը: Ըստ իս, մտահոգիչ է այն փաստը, որ ինչ ասես որ չի նկարահանվում, բացի երկրի, ազգի գլխավոր շարժանկարներից: Ամեն նոր շարժանկարի լույս տեսնելիս զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է ինչ-որ շարժանկար նկարել, երբ նկարված չեն Հայաստանի, հայ ազգի գլխավոր հերոսների մասին շարժանկարները: Ի՞նչ խղճով կարելի է դատարկ շարանների նկարահանման վրա միջոցներ ծախսել, երբ նկարված չեն մեծ մարդկանց մասին շարժանկարները: Մի՞թե հնարավոր չէր հավաքել այդ միջոցները և մի քանի շարանների գնով մեկ կարգին, բարձրարժեք, մնայուն նկար ստեղծել հայոց մեծերից մեկնումեկի մասին: Չէ՞ որ դեռ նկարված չեն կյանքի և գործերի մասին այնպիսի մեծերի, ինչպիսիք են Հայկ Նահապետը, Արամ Քաջը, նախ, հայ արքայատոհմերի հիմնադիրներն ու ամենաերևելի արքաները, հետո մնացած բոլոր արքաները, Սասունցի Դավիթը, Արա Գեղեցիկը, Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Դավիթ Անհաղթը, Վարդան Մամիկոնյանը, Աշոտ Երկաթը, Անդրանիկը, մարշալ Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանը և ազգի ռազմական, արվեստի, գիտական, իմաստասիրական, մշակութային և այլ բնագավառների մեծերը: Մի՞թե ամոթ չէ որևէ շարժանկար նկարելը, երբ չկան շարժանկարներ այս բոլոր մեծ մարդկանց և Հայաստանի համար բախտորոշ նշանակություն ունեցող իրադարձությունների մասին:

Միակ մխիթարանքը հայ մեծերից մեկի` Գարեգին Նժդեհի մասին վերջերս լույս տեսած շարժանկարն է: Մի՞թե սառույցը սկսել է հալչել, հայ բեմադրիչները սկսել են մտածել ազգի դաստիարակության մասին, նրա հերոսների մասին նկարելու և նրանց հերոսական գործերը տարածելու միջոցով: Չէ՞ որ հերոսների գործերը նոր հերոսներ են ծնում, պետք է միայն տարածել դրանք և զանգվածայնացնել: Ընդօրինակողներ միշտ էլ կգտնվեն: Հերոսներին ստեղծել է պետք բառի բուն իմաստով: Անհրաժեշտ է ցույց տալ թե ինչ է հերոսությունը, ինչպես են այն անում, ովքեր են անում, երբ և որտեղ, և անպայման կլինեն սովորողներ, որոնք պատրաստ են իրենց ուժերը, ժամանակը, միջոցները, եթե պետք է` նույնիսկ կյանքը տալ հանուն հայրենիքի բարօրության:

Մեկ այլ կարևոր հարց էլ կա: Անկախացումից հետո շարժանկարների սկզբից վերացել է §գեղարվեստական¦ բառը: Դա պատահականություն չէ: Իրոք, առաջներում շարժանկարները գեղարվեստական էին, իսկ հիմա ոչ: Նախկին շարժանկարները արվեստի գործեր էին, այն էլ ոչ պարզապես արվեստի, այլ գեղեցիկ արվեստի` գեղարվեստի: Հիմա դրանց հարմար ածականը իրականն է, դրանք իրական շարժանկարներ են: Կարծես բեմադրիչներին չար կախարդական փայտիկի հարվածով փոխարինեցին, և հիմա նրանք այլևս չգիտեն, որ շարժանկարները պետք է գեղարվեստական լինեն, քանի որ ոչ մի հերոսություն և հետաքրքրություն չկա նրանում, որ բեմադրիչը կյանքը ներկայացնում է այնպիսին, ինչպիսին այն կա իրականության մեջ: Մենք բոլորս էլ այդ իրականության մեջ ենք և առանց շարժանկարների էլ լավ գիտենք, թե ինչպիսին է կյանքը, մենք կյանքի շարժանկարը տեսնում ենք ամեն օր, մեր առօրյա կյանքում: Բացի այդ, իրականությունը պարզապես տեսախցիկին հանձնելու համար ոչ մի տաղանդ էլ պետք չէ: Իսկ առանձնացող և հետաքրքիր է, երբ շարժանկարներում կյանքը ներկայացվում է բեմադրիչի տաղանդի չափով գեղեցկացած, ավելի սիրուն, հուզիչ, սիրելի, ավելի կատարյալ: Որովհետև իսկական արվեստի ստեղծագործությունը պետք է ձգտման առարկա ստեղծի, ձգտման նպատակ, նշանակետ, նշաձող, որին ձգտեն հեռուստադիտողները: Գեղեցիկը միշտ էլ հիացնում է իրենով և քաշում դեպի իրեն: Մարդիկ, տեսնելով ավելի լավ կյանքը, ձգտում են իրականացնել այն իրական կյանքում: Այդ պատճառով, կյանքի վատ կողմերը նկարող և ցուցադրող բեմադրիչները, առավել ևս կյանքը արհեստականորեն վատացրած նկարողները ավելի են վատացնում մարդկանց և կյանքը, իսկ լավ կողմերը նկարողները և կյանքը գեղեցկացրած, գեղարվեստականացրած նկարողները և ցուցադրողները գեղեցկացնում են մարդկանց հոգիները, կյանքը: Չարիք ցանողը չարիք էլ հնձում է, իսկ բարիք ցանողը բարիք է հնձում: Հերոսություն, մեծություն, վեհություն, հայրենասիրություն, գեղեցկություն և այլ առաքինություններ ցանողները նույն գանձերն էլ հնձում են: Արդյունքում գեղեցկանում է կյանքը: Մեր հայրենիքին շա՜տ են անհրաժեշտ այդ գանձերը:

Առաջարկում եմ և խնդրում եմ մտածել այդ երկու ուղղություններով.

1) առաջին հերթին նկարահանել շարժանկարներ հայ մեծերի մասին,

2) շարժանկարները դարձնել գեղարվեստական:

Լավի և դրականի հույսեր ունեմ: Շնորհակալությո՜ւն:

 

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031