Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել ագարակցիներին: Բնակիչների պատմելով՝ ժամը 20:40 րոպեից սկսած մոտ 20 րոպե տեղացած ուժեղ կարկուտը գրեթե ամբողջությամբ գետնին է թափել պտղատու ծառերի բերքը, կոտրատել ծառերի ճյուղերը, բնակիչներին թողնելով առանց բերքի:
Ագարակցիներից շատերը չեն հիշում, որ նախկինում նման ուժեղ կարկուտ տեղացած լինի Ագարակում, սակայն բնակիչներից ոմանք նշում են, որ ավելի մեծ չափերի հասնող եւ մոտ մեկ ժամ տեւողությամբ կարկուտ եղել է մոտ 10 տարի առաջ: «Երեկ տեղացած կարկուտը ընկույզի հատիկների չափերն ունեին, գետնին ոնց որ ձյուն լիներ փռված: Տանիքից, որ կարկուտի ձեները լսում էինք՝ սարսափում էինք, մի ահավորություն էր: Կարալյոկի պտուղները սաղ գետնին է թափված, նուռը վարի ա տվել, այգու շթիլները հավասարեցրել հողին, ծառերի ճյուղերը կոտրատել, այգիներին վնաս հասցրել», – պատմում են ագարակցիները:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փոխանցմամբ՝ համապատասխան կառույցների մասնագետներից բաղկացած հանձնաժողովն արդեն եղել է տեղում, իրավիճակին ծանոթացել եւ անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականացրել:
«Երեկ կարկուտը մոտ 5 րոպե է անընդհատ տեղացել, բայց շատ ուժեղ էր եւ ընկույզի հատիկների չափերի, բախտներս բերեց, որ կարճ տեւեց: Փողոցները լուսավորող լուսամփոփներն են ջարդվել կարկուտից, ծառերի ճյուղերը, նռան ծաղիկներին է հիմնական վնաս տվել, բայց նռան ծաղկելը դեռ չի ավարտվել, կարալյոկին է շատ վնաս տվել, դեղձենիներին… Ծիրանենիները 100 տոկոսով են վնասվել, բարեբախտաբար ծիրան քիչ է եղել մեզ մոտ: Սյունիքի ԳԱՄԿ-ի տվյալներով՝ տեղի գյուղատնտեսի ասելով՝ մոտ 65-75 տոկոս է կազմում այգիներին հասցրած վնասը: Աննախադեպ երեւույթ էր, նույնիսկ մեծերը չեն հիշում, որ նման դեպք եղած լիներ Ագարակում: Փառք Աստծո, Մեղրիում էլ նման կարկուտ չի տեղացել», – ասաց Մխիթար Զաքարյանը եւ հավելեց, որ Ագարակում գյուղատնտեսությունն այդքան չի զարգացած, որքան Մեղրիում եւ շատ ավելի տխուր կլիներ պատկերը, եթե Մեղրին կարկուտի հարվածի տակ ընկներ:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկացմամբ՝ կարկուտից տուժել են նաեւ Մեղրու տարածաշրջանի Կարճեւան եւ Լեհվազ գյուղերը, սակայն հիմնական վնասը գրանցվել է Ագարակում: Կարկուտից տուժած բոլոր համայնքներում կարվեն ուսումնասիրություններ եւ հաշվարկված վնասների չափերը կներկայացվեն գյուղնախարարություն:
Դեռեւս հայտնի չէ, թե գյուղնախարարությունը ձեռք կմեկնի՞ տուժած համայնքներին, թե՞ հերթական անգամ Սյունիքի համայնքները կմնան առանց աջակցության, ինչպես նախորդ դեպքերում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ