Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Ցուցադրական հայրենասերներն իրենց «բարեմասնությունները» օգտագործում էին կարիերիստական նկրտումներում»

Մայիս 27,2013 13:31

SAM_5154

Գրողը մարդու կյանքը բարձր է դասում ազգայնական գաղափարներից

Մայիսի 25-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացավ «Հումանիզմի միմիկրիան խաղաղար պրակտիկայում» խորագրով հասարակական լսում: Միջոցառումը կազմակերպվել էր «Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի» (NED) աջակցությամբ, կազմակերպիչներն էին «Հանուն քաղաքացիական հասարակության կանանց ալյանսը» (Ադրբեջան), «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» (Հայաստան) եւ «Հասարակական լսումների Կովկասյան կենտրոնը» (Վրաստան):

3 զեկուցողներից մեկը գրող Լեւոն Ջավախյանն էր: Նա մասնավորապես ասաց. «Մենք բոլորս մեր ծննդյան փուչ օրից ինչ-որ կերպ քարոզչության զոհ ենք: Երբ ես «Քիրվա» պատմվածքի համար Բաքվի «Հանդուժողականության կենտրոնի» կողմից մրցանակ ստացա «Հարավային Կովկասում խաղաղություն եւ հանդուրժողականություն քարոզելու» անվանակարգում, հայկական տպագիր մամուլի որոշ օրգաններ սկսեցին դատափետել իմ արարքը: Այնինչ այնտեղ պատմում էի ընդամենը հայի եւ ադրբեջանցու սրտառուչ բարեկամության մի անմեղ պատմություն: Հայ լրագրողական աշխարհը հայի լավը հասկանում էր, բայց ադրբեջանցունը չգիտես ինչու՝ կասկածի տակ դնում: Ահա թե պատերազմական թշնամությունը ինչ հետեւանք կարող է ունենալ: Մթագնել էր անգամ շատ մտավորականների գիտակցությունը: Եվ ինչ, պարզվեց, որ « վատ» մարդկանց մեջ կան նաեւ լավ մարդիկ, հանձինս Աքրամ Այլիսլիի: Բայց արի ու տես, որ մեր համար լավը սաստիկ «վատն» էր յուրայինների մեջ: Ադրբեջանական հասարակական շրջանակները նրա «ինքնագործունեությունը» խիստ թշնամանքով ընդունեցին: Բայց ով-ով, եթե ոչ խիզախ հումանիստը պիտի ասեր ճշմարտությունը: Այդ մարդն արդեն անցել է Ռուբիկոնը; Հիմա հերթը մերն է»:

Անդրադառնալով ապակողմնորոշող քարոզչությանը՝ Ջավախյանը հայտարարեց. «Իմ հերոսը ապրող մարդն է: Ինձ համար պատերազմական դաշտում կամովին զոհվածն այլասերված մարդասիրության եւ ագրեսիվ քարզչության միամիտ զոհն է: Նվիրական գաղափարների քողի տակ իրականացվող այլատյացությունը մարդուն հերոսացրեց այնպիսի հայրենասիրության, որ նա քնած մարդ սպանեց: Այստեղ զոհը միայն հայ սպան չէ, իրական զոհը Ռամիլ Սաֆարովն է: Նա իր հետագա կյանքն այդպես էլ ապրելու է ստի եւ կեղծիքի մեջ: Նա իր հայրենիքի այլասերված զավակն է: Հայաստանում ղարաբաղյան շարժումը վարկաբեկեց մարդկային բնավորության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազնվությունը, հայրենասիրությունը, հերոսությունը… Շահարկվեցին մարդկային ամենանվիրական զգացմունքները: Ցուցադրական հայրենասերները, ազնիվները,հերոսներն իրենց «բարեմասնությունները» ճարպկորեն օգտագործում էին իրենց կարիերիստական նկրտումներում, բիզնեսում, թալանում…. Քարոզչությունը, սուտն ու կեղծիքն արշավում է նաեւ գլոբալ մակարդակով»:

Լեւոն Ջավախյանի համար մարդու կյանքն ամենաբարձր արժեքն է . «Նացիոնալիզմը, ֆաշիզմը, այլատյացությունն այն վառելիքն են, որ բորբոքում են ազգամիջյան հրդեհներ: Մարդը ծնվել է ոչ թե կռիվներում հերոսանալու համար: Հերոսները ազգայնական քարոզչությունում կուլ գնացող կյանքեր են: Ինձ համար հերոսը մեռել է եւ մեռել է ընդմիշտ: Մարդը ծնվել է ապրելու համար: Այդ պարզ ճշմարտությունը պետք է հասցնել ժողովրդի ականջին՝ քողազերծելով մասսաներին հիմարացնող քարոզի կեղծիքը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031