«Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններին մեր մասնակցությունն օրինական է: Ոչ մի պարագայում չենք նահանջի: Ադրբեջանահայերի բոլոր զրկանքների համար պատասխանատու է Ադրբեջանն ու այժմ եկել է հատուցման պահը: Մենք մտել ենք մրցապայքարի մեջ, որ Ադրբեջանը վերադարձնենք իր հայ իրավատերերին: Եթե անգամ Արբեջանի ընդդիմադիր ուժերը ինքնաբացարկ հայտնեն, մենք միեւնույն է՝ կշարունակենք պայքարը արդարության եւ ճշմարտության հաղթանակի համար, քանի որ հենց մենք ենք գործող ռեժիմի միակ իրական այլընտրանքը»,- այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե իրենք գործում են ՀՀ նախագահի կամ արտգործնախարարության ուղղորդությամբ, հավաստիացրեց, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Մենք ադրբեջանահայերի բոլոր զրկանքների համար պատասխանատու համարում ենք Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանը, որն ընդամենը պարզ ճշմարտության արձանագրումն է, ոչ թե իշխանամետության»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ