armedia.am. Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, հրապարակախոս, Սևան Նիշանյանի նկատմամբ սպառնալիքներ են տարածվել համացանցում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am լրատվական կայքը: Ըստ լրատվամիջոցի՝ Twitter միկրոբլոգում Ֆուրքան Ջոշքուներ անունով օգտատերը հետևյալ գրառումն է արել. «Սևան Նիշանյան «Ակոս» թերթի շենքի դիմաց ճակատից խփված քո էլ ընկնելու ժամանակը մոտ է: Խելացի եղի´ր»:
Նույն օգտատերի մեկ այլ թվիթը նույնպես ուշագրավ է. «Ակոս» թերթում բոլոր գրողներն են անբարոյականի զավակ, կրոնի թշնամի: Այո´: Մեկը` Հրանտ Դինքը, ոչնչացվեց, հիմա էլ Սևան Նիշանյանի հերթն է»:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը 13.5 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար։ Ազատազրկումը չի կարող փոխարինվել դրամական տույժով: Մի շարք թուրք մտավորականներ սատար են կանգնել Նիշանյանին: