Գազի գնի բարձրացման պատճառով Հայաստանը կարող է հայտնվել 90-ականների իրավիճակում, երբ ամենուր հատվում էր անտառը: Եւ պետական պատասխանատու մարմինները չունեն միջոցներ, որպեսզի նվազեցնեն ռիսկերը:
Արդեն հիմա որպես վառելիք անտառի սպառումը Հայաստանում անվերահսկելի ոլորտ է: Եթե ուշադրություն դարձնենք պետական մարմինների հետեւողական հայտարարություններին, ապա ապօրինի անտառահատումները կրճատվել են խիստ հսկողության արդյունքում: «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվետվությունների համաձայն՝ 2012թ. ապօրինի անտառահատումների թիվը կրճատվել է, 2011թ. համեմատությամբ՝ 1860 եւ 3081, համապատասխանաբար: Իսկ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE) տվյալների համաձայն՝ Հայաստանում ապօրինի հատվում է ամենաքիչը 240000 խմ անտառ: Այս հետազոտություններն իրենց հաստատումն են գտնում ոստիկանության տվյալներում: Օրինակ՝ երբ ոստիկանության ուժերով 2012թ. նոյեմբերի 6-ի գիշերը լույս նոյեմբերի 7-ին Տավուշի մարզում կանգնեցվեցին անտառափայտով լի 60 բեռնատարներ: Եթե հաշվի առնենք, որ բեռնատարներով կարելի է տեղափոխել 25-30խմ փայտ, եւ որ տասնյակ բեռնատարներ անտառափայտ են տեղափոխում ոչ մեկ օրվա ընթացքում, այլ գրեթե ողջ տարվա ընթացքում, ապա կարելի է ներկայացնել Հայաստանի մասշտաբով ֆանտաստիկ անտառահատումներ:
Անտառահատումների կրճատման մասին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարեց 2007-2008թթ. եւ բացատրեց դա գյուղերի գազաֆիկացմամբ: Բայց ի՞նչ կասի հիմա «Հայանտառ»-ը, երբ գազից կսկսեն հրաժարվել ոչ միայն գյուղերը, այլեւ քաղաքները: Իրավիճակը կսրվի ցրտերի հետ, եւ դրա այլընտրանքը կարող է դառնալ զանգվածային արտագաղթը: Արդյունքում մենք ոչ անտառ կունենանք, ոչ գյուղ:
ԷկոԼուր