«Ակնհայտ էր դեռեւս նախագահական ընտրություններից հետո, որ ղարաբաղյան թեմայի շուրջ ակտիվացում է լինելու: Այդպիսի ընտրություններից հետո, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը գնահատական էր տվել, որ սա կուսակցապետություն է, եւ այսպիսի երկրում բնականաբար չեն կարող լինել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, որքան էլ բառեր մոգոնեն, պարզ է, որ այդպիսի ընտրություններից հետո եթե գերտությունները շնորհավորում են եւ շնորհավորանքից հետո ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին խոսք են ասում, բնականաբար դա նշանակում է, որ իրենք ընտրություններից հետո պետք է զբաղվեն դրանով»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների նոր հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն մայիսի 24-ին հանդես էին եկել հայտարարությամբ` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ անցկացված հանդիպումների մասին: Հայտարարության մեջ նշված է, որ իրենք վերահաստատել են խաղաղության գործընթացին իրենց հանձնառությունը եւ այս տարի գագաթաժողով հրավիրելու անհրաժեշտության մասին մտքեր են փոխանակել: Համանախագահները մտադիր են նաեւ առաջիկայում հանդիպումներ ունենալ արտգործնախարարների հետ՝ ուսումնասիրելու համար հակամարտության լուծման փոխադարձ ընդունելի մոտեցումները:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ հակամարտության լուծմանն ուղղված քայլերը թե որքան արագ տեղի կունենան՝ դժվար է ասել. «Արդբեջանում եւս այս տարի նոր ընտրություններ են նախատեսվում աշնանը: Հնարավոր է, որ այդ ընտրություններից հետո գործընթացը գերակտիվացման փուլ մտնի, որովհետեւ երկուսին էլ կասեն, որ մենք շնորհավորել ենք, մենք հիմա թիմ ենք դարձել միջազգային հարթակում, դուք պարտավոր եք այդ քայլերն անել, հակառակ պարագայում հատկապես Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոց ունեն՝ տնտեսական-ֆինանսական առումով: Ինչպես տեսնում ենք, հենց Հայաստանն է, որ այս տարիների ընթացքում զիջողական մոտեցումներ է սկսել ցուցաբերել: Այն փաստաթուղթը՝ մադրիդյան սկզբունքները, մեզ համար բնականաբար պարտվողական փաստաթուղթ է, որովհետեւ այնտեղ միանշանակ խոսք է գնում ազատագրված տարածքների վերադարձի մասին»:
Ըստ պարոն Մարտիրոսյանի, հաշվի առնելով ԵԱՀԿ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող ղեկավարի այցը տարածաշրջան՝ կարող ենք ասել, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են, եւ գերտերությունները իրենց ավանսը փորձելու են ետ ստանալ. «Համենայնդեպս երեւում է, որ Ռուսաստան էլ այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք մեր օգտին չեն, ուստի ես կարծում եմ, Հայաստանն իսկապես բարդ իրավիճակի առջեւ է կանգնելու, որովհետեւ գերտերությունները այստեղ եւս շահագրգռված են, որ որոշակի հանգուցալուծում լինի: Սիրիայից հետո հնարավոր է ծառանա Իրանի խնդիրը, այնտեղ եւս նախագահական ընտրություններ են լինելու: Ցանկացած պարագայում ես կարծում եմ՝ այդ խնդիրն իսկապես հրատապ է դարձել»:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ ստեղծված բարդ իրավիճակից ՀՀ իշխանությունները կարող են ելք գտնել, լուծում, համենայնդեպս, կա. «Եթե մի փոքր պետական մտածողություն ունենա, ապա իրենք կսկսեն արտահերթ ընտրությունների գործընթաց: Այլ պրոցեսներ կլինեն երկրում, եւ իրական ազատ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը երկրում նոր միասնականության գործընթաց կարող է սկսել, որը մեզ կարող է ապահովել անցանկալի զարգացումներից: Հակառակ պարագայում մեր իշխանությունները չունեն այդ գործիքները, որպեսզի դիմակայեն: Երկրում իրենք միանշանակ աջակցություն չունեն: Այն փաստաթուղթը, որը ընդունվել է, երկրի հասարակության կողմից աջակցություն չունի, սոցիալ-տնտեսական իրավիճակն էլ խայտառակ վիճակում է, եւ իսկապես խայտառակ վիճակ կարող է ստեղծվել ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին մարտահրավերների առումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ