Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյանը՝ Վաչե Գաբրիելյանին ի պատասխան. «Ոչ թե նպաստն է բարձր, այլ աշխատավարձն է ցածր»

Մայիս 27,2013 11:59

«Եթե մենք տալիս ենք նպաստ, ապա դա լավ է, քանի որ իջեցնում է աղքատության մակարդակը: Սակայն եթե նպաստի մակարդակը մոտենում է նվազագույն աշխատավարձին, ապա հարց է ծագում, ինչի՞ պիտի ես աշխատեմ, եթե նույն գումարը կստանամ՝ որպես նպաստ»,-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն «Արմնյուզ»-ի «Բանաձև» հաղորդման ընթացքում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել՝ հավելելով, որ ծրագիրը թիրախային պիտի դառնա՝ կից ծրագրերով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն տալով ուսանել, ունենալ առավել բարձր վարձատրվող աշխատանք, և դուրս գալ այդ սոցիալական խմբից:

Aravot.am-ը հրապարակախոս, սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք կառավարության որդեգրած այդ քաղաքականությունը տրամաբանական ու իրատեսակա՞ն է: Նա պատասխանեց. «Ոչ թե նպաստն է բարձր, այլ աշխատավարձն է ցածր: Դա է ամբողջ անհեթեթությունը: ՀՀ-ում գոյություն ունեցող աշխատավարձերը դուրս են տրամաբանությունից: Այնինչ բյուջեում կան հնարավորություններ աշխատավարձերը բարձրացնելու, քանի որ բյուջեի գումարների 2/3-ը անորոշ ծախսեր են՝ տարբեր ծրագրեր, խորհրդատվական միջոցառումներ: Այն գումարները, որ պետք է աշխատավարձին ուղղված լինեն, շատ փոքր տոկոս են կազմում: Ընդհանրապես պիտի 180 աստիճանով բյուջեի փիլիսոփայությունը փոխվի»:

Կ. Հակոբյանը նշում է, թե բավական է, պետք է կանգ առնենք, այս ցոփությունն ու շքեղությունը մեզ ոչ մի տեղ չի տանի՝ մասնավորապես նշելով, թե վերջերս է տեսել յոթաստղանի «Փարավոն» ռեստորանային համալիրի գովազդը ու վրդովվել. «5,6,7 աստղանի հյուրանոցներին պիտի վերջ տալ, մենք խորացնում ենք սոցիալական բևեռացումը: Մտածում էի, թե այդ «Փարավոն» համալիրի փոխարեն որքան բնակելի պետական շենքեր կարելի էին կառուցել, որ ՀՀ-ում չլինեն անօթևաններ: Ընդհանրապես այդ ցոփությունը ամոթ է մեզ պես քրիստոնյա ժողովրդի համար: Իսկ դա մենք դարձրել ենք նորմ և հաշտվում են դրա հետ»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ մի կողմից կառավարությունն ուզում է ի հաշիվ նպաստների հասարակության շրջանում առաջացնել ձգտում դեպի ուսումն ու աշխատանքը, մյուս կողմից էլ տեսնում ենք, թե որքան հեշտությամբ կարելի է հասնել շքեղության ու ցոփության: Նա պատասխանեց. «Դա բարոյական անկման արդյունք է, ամեն ինչ սկսում է բարոյական ճգնաժամից: Պիտի արմատապես փոխվի մեր պետության գաղափարախոսությունը: Այդ վայրի ջունգլիի կապիտալիզմը, որ ողջ աշխարհն է խայտառակել, մենք հիացմունքով ընդունում ու զարգացնում ենք, այնինչ դա չէ 21-րդ դարի հասարակության զարգացման ուղին»:

Կ. Հակոբյանը նկատում է, որ սխալ է ուսանողական նպաստ՝ ըստ ուսման առաջադիմության տրամաբանությունը, քանի որ նպաստ հասկացությունը սոցիալական բովանդակություն ունի և ի սկզբանե ուսանողական նպաստի հիմքում պիտի լիներ միայն սոցիալական գործոնը: Տիկին Հակոբյանը կարծում է, որ ուսման առաջադիմությունը չպիտի կախված լինի խրախուսանքից և մանրամասնում. «Ուսանողը պիտի ուզենա սովորել, որ լավ աշխատանք ունենա, լավ կարիերա անի, ոչ թե ինչպես կրկեսում, շաքար տան՝որպես խրախուսանք, ինչն այժմ ընկած է մեր կրթահամակարգի փիլիսոփայության հիմքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031