Լրահոս
Օրվա լրահոսը

Երկնագույն վառելիքը եւ «երկնագույնները»

Մայիս 27,2013 11:32

Առավել նուրբ եւ խորաթափանց վերլուծաբանները գազի գնի թանկացումը հակված են բացատրել աշխարհաքաղաքական պատճառներով: Ռուսաստանը, իբր, մեզ ինչ-որ բանի համար պատժում է: Այ, եթե Հայաստանի իշխանությունը բոլոր հարցերում Ռուսաստանի սրտով գնար, ապա «Գազպրոմը» գազի գինը չէր բարձրացնի:

Ես այստեղ նախեւառաջ տեսնում եմ սեփական աչքի գերանը չտեսնելու եւ ամեն ինչ ռուսների վրա բարդելու միտում: Ստացվում է, որ այնքան էլ կարեւոր չէ, որ մեր քաղաքացիների աշխատավարձը ծիծաղելիորեն ծածր է, որ մի խումբ մարդիկ անասելի շռայլության մեջ են ապրում, իսկ մնացածը հազիվ են գոյատեւում: Կարեւոր չէ նաեւ, որ «Հայռուսգազարդը» անխղճորեն՝ մեկը մեկին «մտնում է գնի մեջ» եւ ապահովում իր գերշահույթները: Այդ ամենը, պարզվում է, կհարթվի, որեւէ գործնական նշանակություն չի ունենա, եթե մենք այս կամ այն ձեւով հաճոյանանք ռուսներին:

Ամեն ինչի մեջ աշխարհաքաղաքական խորը արմատներ փնտրողների տրամաբանությունը մոտավորապես հետեւյալն է. Հայաստանը տուրք է տալիս ինչ-որ մասոնական դավադրության, որը ուղղված է հավասարապես մեր ազգային ինքնության եւ Ռուսաստանի դեմ, ինչը «ջղայնացնում է» մեր ռազմավարական գործըներոջը, եւ նա որպես պատճամիջոց որոշել բարձրացնել գազի գինը: Այդ տեսությունը առավել մանրամասն ներկայացրել է Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով, մեր երկրի ղեկավարությունը ցանկանում է գնալ եվրաինտեգրացիայի ճանապարհով (ուր էր, թե), որը ոչ այլ ինչ է, քան միասեռականների (LGBT) համայնքին միանալն է: Ըստ այդմ, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն այդ համայնքի տարբեր ջոկատներն են: Դա Ռուսաստանին, ըստ պարոն Մանուչարյանի, դուր չի գալիս: Ռուսների համբերության բաժակը լցրեց այն, որ մեր խորհրդարանն ընդունել է 6 օրենք, ի պաշպանություն միասեռականների: Դրանից հետո «Գազպրոմին» այլեւս ոչինչ չէր մնում, քան բարձրացնել գազի գինը: Այսինքն՝ երկնագույն վառելիքի գինի ուղիղ համեմատական է «երկնագույնների» նկատմամբ վերաբերմունքին:

Հենց որ այդ թեմայով մի բառ ես գրում, նույն վայրկյանին հանուն «ազգային արժեքների» եւ ընդդեմ «աղտոտ եվրոպացիների» պայքարողները առաջ են քաշում իրենց «լավագույն փաստարկը»` «ուրեմն՝ դու էլ ես նրանցից, որ դրանց պաշտպանում ես»: Անկեղծ ասած, միասեռակության դրսեւորումները իմ մեջ կենսաբանական հակակրանք են առաջացնում: Բայց դա իմ անձնական ընկալումն է, իմ անհատական տեսակետը՝ ոչ ես, ոչ էլ իմ նման հազարավոր կամ միլիոնավոր մարդիկ իրավունք չունեն որոշելու, թե որն է նորմալը, իսկ որը աննորմալը: Որեւէ մեկը, եթե չի խախտում օրենքը, չպիտի ճնշվի, չպիտի հետապնդվի ոչ քրեորեն, ոչ բարոյապես, ոչ քաղաքականապես: Ամեն մարդ իրավունք ունի դավանելու իր գաղափարները, ունենալու իր աշխարհայացքը, իր ապրելակերպը: Ահա սրանք են, իմ կարծիքով, եվրոպական արժեքները:

Իմ այդ համոզմունքները ձեւավորվել են ընտանեկան դաստիարակության ազդեցության տակ, 60-70-ական թվականներին՝ այն ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային կայսրության մի մասն էր եւ Եվրոպային ինտեգրվելու խնդիրը դրված չէր: Ավելին ասեմ՝ այդ գաղափարները գալիս էին ռուսական մշակույթից, ռուս գրականությունից, ռուս առաջադեմ մտավորականների կեցվածքից: Այնպես որ արժեքային առումով ռուսականն ու եվրոպականը հակադրելը կոռեկտ չի: Ոչ ոք, կարծում եմ, չի հերքի, որ 19-20-րդ դարերի ռուսական գրականությունը եւ երաժշտությունը հենց եվրոպական երեւույթներ էր: Իսկ կայսրական «դերժիմորդաներով» կողմնորոշվելը ոչ խորհրդային շրջանում, ոչ հիմա ոչ մի լավ բանի չի բերի: Այդ թվում՝ չի բերի գազի էժանացմանը:

Բայց եթե գազի գինը իջեցնելու ամենակարճ ճանապարհը միասեռականներին ճնշելն է եւ դրանով ռուսներին դուր գալը, ապա առաջարկում եմ ընդունել եւս 6 օրենք, ըստ որոնց մեր այդ համաքաղաքացիներին պետք է այրել կրակի վրա: Երբ 2-3 նման դատավճիռ ի կատար կածվի, ռուսները շատ կուրախանան` հասկանալով, որ մենք Եվրոպային չենք պատրաստվում ինտեգրվել: Դրանից հետո Ռուսաստանը մեզ ձրի գազ կտա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սևադա says:

    Հարգելի պարոն Ա. Աբրահամյան Ձեր հոդվածը կարդալուց հետո մի տեսակ զարմացած եմ մի՞թե Դուք, մեք մոռացել ենք թ՞ե ինչ արեցին Քեմալ Աթաթուրքը, Բոլշևիկները և Ազերիները 1918-1923թթ – ին ճիշտ կողմնորոշվելով խառը իրադրության մեջ, որի արդյունքում Թուրքիան որ պարտվել էր առաջին համաշխարհային պատերազմում չնայած Սևրի պայմանագրին մեզնից խլեց Արևմտյան Հայաստանը, իսկ Ազերիները ստեղծեցին նոր պետություն և հասցրեցին մեզնից խլել Նախիջևանը, Գարդմանքը, Արցախը (փառք Արցախի ժողովրդին, Գարեգին Նժդեհին և մեր ազատամարտիկների որոնց կամոք չկորցրեցինք և Արցախըև Սյունիքը) և Ջավախքը հիմա մոտավորապես նույն իրավիճակն է և իմ կարծիքով անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել և առաջ ընկնել մյուսներից այլապես նորից կարող է կանգնենք «կոտրած տաշտակի» առջև….

  2. Հովսեփ Խուրշուդյան says:

    Վայ քյոռանամ ես, փաստորեն Ռուսաստանը գազի գինը բարձրացնում է՝ մտահոգված լինելով Հայաստանի բարոյական նկարագրով: Ես էլ ասում եմ էն C300-ները ինչի Ադրբեջանին 30 արծաթով/300 մլն դոլարով ծախեսին 2010թ.-ին… Մի բան կանխազգում էին փաստորեն… Ուրեմն մենք էլ հենց այդ նույն բարոյական հիմնավորմամբ պետք է ռուսական ռազմակայանը վտարենք Հայաստանից՝ ռուս ժողովրդի բարոյական նկարագիրը փրկելու նպատակով. քանի որ ռուսական վերնախավը մխրճված է պեդոֆիլիայի մեջ: Իսկ քանի դեռ մեր ժողովուրդը փախեփախ է լինում «համասեռական» Եվրոպա ու Ամերիկա կամ «պեդոֆիլ» Ռուսաստան – ստիպված ենք մեր հույսը դնել երկրագնդի վրայի միակ «բարոյական» երկրի՝ Սաուդյան Արաբիայի վրա (Իրանն էլ է վերջերս «փչանում»՝ վերջին ժամանակներում ոչ մի գեյի կախաղան չեն հանել, սենց տեմպերով մի քանի տարուց կդառնան հանդուրժողական, իսկ այդտեղից էլ դեպի համասեռականություն մեկ քայլ է. Աշոտ Մանուչարյանին հարցրեք): Մի խոսքով, կեցցե՛ վահհաբիզմը:
    Իսկ եթե անկեղծ.. Ի՜նչ ասեմ: Է՜խ, Աշոտ… Է՜խ Մանուչարյան…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031