Մայիսի 23-ին Մյունխենում մեկնարկել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են աշխարհի 78 երկրների շուրջ 700 մարզիկներ:
Հայաստանն այս մրցումներում ներկայացնում են Իրինա Աղաջանյանը, Սվետլանա Տիգրանյանը, Հրաչ Բաբայանը եւ Քրիստիան Լաուերը: Վերջինը գերմանացի է եւ առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Նա վերջերս է ամուսնացել Իրինա Աղաջանյանի հետ եւ տեղափոխվել Հայաստան:
Մեր նշանառուները հանդես են գալիս գնդակային հրաձգության միայն հրացան մարզաձեւում: Արդեն ավարտվել է օդամղիչ հրացան 10 մետր վարժությունը: Տղամարդկանց պայքարին մասնակցել է 123 հրաձիգ: Հրաչ Բաբայանը 620,1 միավորով զբաղեցրել է 46-րդ, իսկ Քրիստիան Լաուերը՝ 93-րդ (613 միավոր):
Աղջիկների մրցապայքարում մեկնարկի ելած 126 նշանառուների մեջ Իրինա Աղաջանյանը 410,8 միավորով հանգրվանել է 57-րդ հորիզոնականում, իսկ Սվետլանա Տիգրանյանը 401,8 միավորով բավարարվել է 113-րդ տեղով:
Այսօր մեր տղաները հանդես կգան փոքր տրամաչափի հրացան 50 մետր վարժությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ