Այսօր լրագրողները մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի պաշտոնը ղեկավարած Սամվել Նիկոյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին ու մերժեցին ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած օրինագիծը, մի՞թե դրա անհրաժեշտությունը չկար: «Յուրաքանչյուր պետական մարմին իրավասու է կատարել օրենքով եւ Սահմանադրությամբ իրեն վերապահված, սահմանված իրավունքները: Որեւիցե պետական մարմին, այդ թվում եւ իշխանության մեկ թեւը` Ազգային ժողովը, իրավունք չունի դատական համակարգի նկատմամբ ունենալ վերահսկիչ ֆունկցիաներ եւ փորձի նրանց նկատմամբ իրականացնել գործողություններ, որոնք Սահմանադրությամբ իրեն չեն վերաբերում: Բանավեճը գնում էր այդ շրջանակներում, եթե դա լուծվեր, ապա կարծում եմ ամեն ինչը նորմալ կընթանար: ԱԺ-ն մերժեց այդ իրավասություններով հանձնաժողովի ստեղծումը: Իշխանությունը նախաձեռնել էր, նաեւ համաձանել էր այդ հանձնաժողովի ստեղծումը, բայց ասում էինք, որ մենք չպետք է խախտենք Սահամանադրությունը, դա շատ կարեւոր հանգամանք է»:
Անդրադառնալով նախկինում փաստահավաք խմբում հենց այդպիսի լիազորություններ ունենալուն` Սամվել Նիկոյանը կարծիք հայտնեց, որ նոր հանձնաժողով ստեղծելու պահանջ ներկայացնող իր գործընկերները ժամանակը բաց են թողել: «Այն, ինչ հնարավոր էր 5 տարի առաջ, այն մթնոլորտը, որտեղ կարող էր ստեղծվել եւ գործել ու արդյունքի հասնել, ցավոք սրտի, մեր այն գործընկերները, որոնք ձգտում են ինչ- որ բան անել, բաց են թողել այն ժամանակը, որ ունեին բոլոր հնարավորությունները 5 տարի առաջ: Մասնակցել արդեն իսկ գործող հանձնաժողովի աշխատանքներին եւ անել այն, ինչը հիմա ուզում են անել», ասաց պարոն Նիկոյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ