Լրահոս
Օրվա լրահոսը

Սառնաղբյուրցիները աղն ու հացը թողել են թուրքերի կոկորդին (ֆոտոշարք)

Մայիս 26,2013 19:44

Գյումրիից 22 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սառնաղբյուր գյուղի եկեղեցու բակում այսօր նշվեց սառնաղբյուրցիների` 95 տարի առաջ`1918 թվականի մայիսի 18-22 –ը թուրքերի  դեմ մղած ինքնապաշտպանական   մարտերում տարած հաղթանակը:  Այն պատմության մեջ մնաց Սոգյութլվա հերոսամարտ` գյուղի նախկին անունով: Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները օգտակար  են եղել  Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հաղթանակների համար:

 

Իզուր չէ, որ այսօր սառնաղբյուրցիները պարծենում էին, թե աղն ու հացը թողեցին թուրքերի  կոկորդին: Սառնաղբյուրցիները յուրատեսակ էին պատրաստվել  այս տոնին, ազգային երգերով, պարերով, բանաստեղծություններով, հյուընկալել էին մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին`  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանին,  դատախազ Կարեն Շահբազյանին,  ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանին,  ով ծնունդով հենց Սառնաղբյուրից է:  Հանդիսավոր միջոցառումը սկսվեց Շիրակ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: «Սիրելի հայ ժողովուրդ, մայիսյան գեղեցիկ օր  է այսօր,  եւ Փառք Աստծո, որ մայիսյան այս օրը ապահով պայմաններում ենք,  եւ թուրքը մեր գյուղի վրա չի արշավում: Բնական է սակայն, որ միտքը պետք է գնա տասնամյակներ  առաջ, երբ ձեր պապերը այս լեռան լանջերին մի քանի հրացանով եւ փչացած թնդանոթով հեռացրեցին  թուրք  հրոսակներին եւ թույլ չտվեցին, որ մտնեն գյուղ:

 

Սառնաղբյուրի հերոսամարտը մեր պատմագրության մեջ շատ չէ պանծացված եւ ահավասիկ  պահն ու ժամն է , որպեսզի սառնաղբյուրցին եւ շիրակցին ցույց տա բոլորին, որ պարծենալու առիթ ունի: Այո, թուրքը մտել է Շիրակ, այո, կոտորածներ արել է Շիրակում, բայց նաեւ հանդիպել է դիմադրության եւ անհավասար պայմաններում նույնիսկ, թվական գերակշռություն ունենալով, թողել , հեռացել է, եւ սա սառնաղբյուրցիների հերոսական նվիրումի շնորհիվ, ովքեր գաղթականի ցուպը չվերցրեցին, փախեփախի ճանապարհը չբռնեցին, այլ թուրքի դեմ դուրս եկան: Եթե ամեն մի գյուղ սառնաղբյուրցու կամքը ունենա, մեր հայրենիքը  ավելի մեծ կլիներ, ուրեմն  ինչի՞ համար է այսօր այս օրինակը. ցույց տալու մեր սերունդներին, մեծացող զավակներին, թե այդպես են հայրենիք  պահում:

 

Հայրենիքը պահում են հենց այդպես, ոչ թե մտածում են` շատ են, հզոր են զենք ունեն, զենք չունենք, այլ դուրս են գալիս հոգով, ոգով եւ հաղթելու տրամադրությամբ: Տա Աստված, որ գալիք տարիների ընթացքում մենք միշտ մայիսյան օրերին հավաքվենք , պանծացնենք մեր հայրերի հիշատակը եւ ուխտենք նույն  ոգով ապրել. թույլ չտալ, որ օտար հրոսակը  ոտք դնի մեր հայրենի սահմաններից ներս: Այս լեռները մերն են, այս ձորերը  մերն են եւ այս հրաշագործ վանքը մերն է, պահապան պետք է լինենք, որպես ինքն էլ պահապան լինի մեզ», -ասաց սրբազանը: Սամվել Նիկոյանն էլ հավելեց, որ ոչ միայն սառնաղբյուրցիները, այլ  Շիրակի մարզի ողջ բնակչությունն է դուրս եկել թուրքերի դեմ ու հենց Սառնաղբյուրում  է կարողացել թուրքերին կանգնեցնել,  իրենց արժանապատվությունն ու կյանքի իրավունքը պաշտպանել:

 

Սամվել Նիկոյանը նաեւ նկատեց, որ  անարադարություն է, որ  Սառնաղբյուրում չկա հերոս նախնիներին նվիրված  հուշահամալիր: Նա  խոստացավ, որ մյուս տարի այս օրը`  հերոսամարտի հաղթանակը նշելիս, գոնե ականատես լինել հուշահամալիրի կառուցման աշխատանքների մեկնարկին:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031