Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների ցանկի չափանիշները հստակ չեն

Մայիս 26,2013 19:27

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանն է ներկայացրել «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին եւ հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» հարցը: Նախագիծը ներառված է ՀՀ կառավարության մայիսի 29-ի հերթական նիստի օրակարգում:

 

48 հոդվածանոց օրինագծում հետաքրքիր փաստեր կան:

 

«Հայաստանի Հանրապետությունում պետական առողջապահական ծախսերի մակարդակը միջազգային չափանիշներով անբավարար է: Այսպես, ՀՆԱ-ում առողջապա­հու­թյան ընդհանուր ծախսերը 2010թ-ին կազմել են 4.6%, այդ թվում՝  պետական առողջապահական ծախսերը՝ 1.8%, ընդ որում՝ վերջին ցուցանիշը գործնականում չի փոխվել նաեւ 2011-12թթ. ընթացքում: Առողջապահական պետական ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում կազմել է. 2010թ.՝ 5,9%, 2011-12թթ.՝ 6,2%: Առողջապահության ընդհանուր ծախսեր – ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը ԱՊՀ-ում միջինը 8%-ից բարձր է, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում կազմում է 12%, իսկ Եվրո­միու­թ­յան անդամ երկրներում՝ շուրջ 15%: Առողջապահական պետական ծախսեր – ՀՆԱ հարաբերակցությունը ԱՊՀ-ում 2010թ-ին կազմել է 4,8%, ԵԿԱ տարածաշրջանում՝ 6,7%, Եվրոմիության երկրներում  5,5% (առանց բժշկական ապահովագրության):

 

Պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող հիմնական ծառայությունների փաթեթում (ՀԾՓ) ընդհանուր առմամբ համարժեք արտացոլված են պետական առողջապահական քաղաքականության հիմնական գերակայությունները եւ ուղղությունները: Դրա հետ միաժամանակ` ՀԾՓ-ի կարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը հանդիսացող սոցիալական կախվածություն եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների ցանկի սահմանման չափանիշները հստակ որոշված չեն:

 

Անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը մի կողմից՝ հավասարաչափ չի արտացոլում դրանում ընդգրկված բոլոր քաղաքացիների կարիքավորության աստիճանը, մյուս կողմից` իր ընդգրկմամբ եւ թվաքանակով չի համապատասխանում պետության առկա ֆինանսական հնարավորություններին:

 

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման գների կառուցվածքը, որպես կանոն, ունի ագրեգացման բարձր մակարդակ: Այլ կերպ ասած` պետպատվերի շրջանակներում իրականացվող առանձին բուժօգնության տեսակներ կամ միջամտություններ հաճախ չունեն իրենց համար սահմանված առանձին գինը: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման գները իրենց կառուցվածքով համադրելի չեն ոչ միայն նույն բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների գների հետ, այլ նաեւ պետության կողմից երաշխավորված արտոնյալ բժշկական օգնության եւ սպասարկման (այսինքն` համավճարի) գների հետ, քանի որ վերջիններիս սահմանման համար, որպես կանոն, հիմք է ընդունվում տվյալ բժշկական կազմակերպության վճարովի ծառայությունների գնացուցակի կառուցվածքը: Այս իրավիճակը զգալիորեն դժվարացնում կամ հաճախ անհնարին է դարձնում պետպատվերի գների մակարդակի գնահատումը եւ համեմատությունները վճարովի կամ այլ գների հետ, եւ հետեւաբար` նաեւ դրանց կանոնակարգումն ու վերահսկողությունը:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման գների մակարդակը առողջապահության ֆինանսավորման ոլորտում այսօր առկա հիմնական եւ ամենասուր խնդիրներից մեկն է: Այդ գները, որպես կանոն, հիմնված չեն տնտեսագիտորեն հիմնավորված ինքնարժեքի հաշվարկի վրա, հետեւաբար չեն արտացոլում տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի իրական մակարդակը: Գների որոշման հիմքում հաճախ դրվում է տվյալ ծրագրի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ֆինանսավորման ծավալը եւ կանխատեսվող դեպքերի թվաքանակը (արտահիվանդանոցային ծառայությունների դեպքում` սպասարկվող բնակչության թվաքանակը):

 

Նախագծով առաջարկվում են  մի շարք լուծումներ, որոնք, ըստ հեղինակների առավել արդյունավետ եւ նպատակային կդարձնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առողջապահական համակարգին ուղղվող ֆինանսական միջոցների օգտագործումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031