Մայիսի 26-ին Շահումյան հրապարակից մեկնարկեց «Ճանաչիր Երեւանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ 46 թիմի ավելի քան 300 հեծանվորդ այսօր ամբողջ օրը կշրջեն Երեւանով, մայրաքաղաքի հայտնի ու անհայտ վայրերով՝ իրենց երթուղին փորձելով վերծանել համապատասխան հանելուկների միջոցով։
Մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Կարդացեք նաև
Երիտասարդական հիմնադրամից տեղեկացանք, որ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ խրախուսել հեծանվով երթեւեկությունը, հասկանալ, թե քանի երիտասարդ է հեծանիվներից օգտվում, ցույց տալ հանրությանը, որ հեծանիվներով հնարավոր է երթեւեկել մայրաքաղաքով, անցնել տեսարժան վայրերով։
Նախաձեռնությանը միացել են բուհերի ուսանողները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ընդհանրապես երիտասարդներ, ովքեր իրենց ընկերներով կազմել են թիմեր ու միացել այս մարզամշակութային միջոցառմանը։
Թիմերը երթուղին երեկոյան կավարտեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում, ուր կանցկացվի թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն, մշակութային ծրագիր։