Այսօր Retro cafe-ում երիտասարդ լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը ներկայացրեց իր առաջին` «Իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը: Ինչպես իր բացման խոսքում նշեց «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը` Էմինի միայն մարդ տեսակը համեստ, զուսպ և շատ նպատակասլաց, խոսում է այն մասին, որ այն գեները, որը ունի Էմին Արիստակեսյան լուսանկարիչը, չի հանգստացել, դեպքեր են լինում, երբ գենը հանգստանում է, այս դեպքում տաղանդավոր կոմպոզիտորի` Էմին Արիստակեսյանի թոռնիկի գեները չեն հանգստացել և նա որպես լուսանկարիչ է ինքնադրսևորվել: Ինչպես նշում է լուսանկարիչը` ցուցահանդեսում ներկայացրել է իր 4 տարիների արդյունքում արված շուրջ 30 աշխատանք, որոնք հիմնականում 3 ոճի էին` ռեպորտաժային ավանգարդ, new և բնություն : «Իմ կարծիքով պահը հասունացել էր, որպեսզի աշխատանքներս ներկայացնեի հանրությանը: Ցուցահանդեսի գաղափարը հետևյալն էր` ցույց տալ աշխարհը իմ գույներով, և հենց այդ պատճառով ցուցահանդեսի խորագիրը կոչվեց «Through My Eyes» այսինքն «Իմ աչքերով»: Նկարների մեջ փորձել եմ ներկայացնել իմ աշխարհայացքը տարբեր գրաֆիկական էլեմենտների, ոչ հստակ գծերի, դիմնամիկայի և շարժման մեջ»,- ասում է նա : Էմինի հետ ռոքի մասին չխոսել պարզապես չէինք կարող, նա, մետալ երաժշտության սիրահար լինելով, իր ցուցահանդեսի մեջ ներառել էր նաև հայտնի ռոք խմբերի` «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանի, «Էմփիրեյ» խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանի, «Դոգմա» խմբի վոկալիստ Զառա Գևորգյանի և «The Beautified Project» խմբի կիթառահար Արմեն Շահվերդյանի լուսանկարնրը: Ինչպես ասում է լուսանկարիչը, ռոք երաժշտությամբ նա այնքան է տարված, որ չէր կարող իր լուսանկարներում չանդրադառնալ այդ թեմային: Էմին Արեստակեսյանի կինը` Ալիսան, ով նախապատրաստական աշխատանքների մինչև վերջին վայրկյանը լուսանկարչի կողքին է եղել, ասաց, որ Էմինի լուսանկարների առանձնահատկությունը նրանում է, որ նա հստակ ունի իր ձեռագիրը, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր լուսանկարչի համար. թե՛ գունային էֆեկտներով, և թե իր ուրույն ոճով նա շատ է առանձնանում: Հիշեցնենք, որ ցուցահանդեսի տևելու է երեք օր` մայիսի 26-ից 28-ը, մուտքն ազատ է:
Օվսաննա Սիմոյան