Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում անտառային հրդեհների դեպքերն աճել են հինգ անգամ

Մայիս 26,2013 15:40

ՀՀ կառավարության մայիսի 29-ի հերթական նիստի օրակարգի նախագծի համաձայն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկում է հաստատել «Անտառային եւ այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը եւ համալիր միջոցառումների ցանկը»:

 

Նախագծի համաձայն, 2005-2010 թվականներին հրդեհներից անտառտնտեսություններին պատճառվել է 504 միլիոն դրամի վնաս, որից միայն 2006 թվականին` 500,2 միլիոն: Նույն ժամանակահատվածում անտառային հրդեհների մարման ծախսերը կազմել են 3,368 միլիարդ դրամ: «2010-2011 թվականների ընթացքում արձանագրված բուսածածկ տարածքների հրդեհների տարեկան դեպքերի միջին թիվը 2004-2011 թվականների ընթացքում արձանագրված տարեկան դեպքերի միջին թվաքանակի համեմատությամբ աճել է մոտ 5 անգամ: Անտառային եւ այլ բուսածածկ տարածքների հրդեհների արձանագրված պատճառները հիմնականում մարդածին են: Անտառային հրդեհների դեպքերի ճնշող մեծամասնության պատճառ է հանդիսանում դաշտերում խոզանների եւ չոր բուսականության այրումը, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է դեպի մոտակա անտառը: Գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների հետեւանքով կրակի տարածման վտանգը, այդ թվում՝ դեպի մոտակա անտառները, զգալիորեն աճում է կլիմայի չորայնության եւ կլիմայի փոփոխության պայմաններում»,- գրված է նախագծում: Նախագծի հեղինակները գիտեն, որ Եվրոպական Միության 1259/1999 կանոնակարգով խոզանների այրումը դաշտերում Եվրամիության անդամ պետությունների տարածքներում արգելված է, բացառությամբ՝ լիազորված մարմինների թույլատվությամբ բուսատեսակների ֆիտոսանիտարական վիճակի պահպանման նկատառումներով: Օրինակ՝ Գերմանիայում, որպես ԵՄ անդամ պետությունում, խոզանների ու թափոնների ոչնչացման նպատակով կրակի օգտագործումն անտառներում խստիվ արգելվում է:  Այդուհանդերձ,  հաշվի առնելով գյուղատնտեսության եւ անասնաբուծության բնագավառներում հրկիզման բազմադարյան փորձը, տեղական մակարդակներում հատուկ թույլտվությամբ եւ հատուկ սահմանված պայմաններով դաշտերում,  խաղողի այգիներում եւ պտղատու այգիներում հնձած խոտի մնացորդների ու թափոնների այրումը թույլատրվում է:  Այդ գործընթացների նկատմամբ խստագույն հսկողության սահմանումն ու իրավական դրույթների պահպանումը դրական արդյունքներ է տալիս, սակայն հարկ է նշել, որ այդ մեթոդը կիրառվում է միայն սահմանափակ տարածքներում:

Ինչպես Գերմանիայում,  այնպես Հունաստանում,  Իսպանիայում եւ Պորտուգալիայում գյուղատնտեսական նշանակության հողերի ու արոտավայրերի հրկիզումն արգելված է: «Ծրագրի ընդունման եւ իրականացման արդյունքում սպասվում է անտառային եւ այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի (դեպքերի քանակի եւ դրանց հետեւանքների) եւ անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետեւանքների նվազեցում, ինչպես նաեւ անտառային եւ այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման զգալի բարելավում»,-հուսով են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031