Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21–27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի եւ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջեւ: Սարդարապատիհերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:
Թուրքական զորքերի ներխուժումը Հարավային Կովկաս
1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցինԿովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից եւ 1918 թ-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատրազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արեւմտյան Հայաստանի նահանգները, այլեւ Արեւելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները եւ մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների եւ դրանցից առաջինը Յաղուբ Շեւքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երեւան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) /հետագայում այս զորախումբը եւս բաժանվեց երկու մասի եւ դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը` դեպի Վանաձոր/։
Կարդացեք նաև
Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ: Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երեւանի նահանգի փաստացի դիկտատոր Արամ Մանուկյանը: Նրա հրահանգով երեւանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երեւանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձեւավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո/: Ըստ ռազմական պատմաբան, գնդապետԽաչատրյանի, Ալեքսանդրապոլից մինչեւ Սարդարապատ թուրքական զորքերի հարձակման տեմպը ստեղծված իրադրությունում համեմատաբար փոքր էր` օրական մինչեւ 15 կմ, ինչը բացատրվում է մեր զորքերի, մասնավորապեսԱլեքսանդրապոլից նահանջող հայկական հատուկ հեծելազորային գնդի (հրամանատար` Զոլոտարյով) եւ հատկապես` 2-րդ հետեւակային բրիգադի (հրամանատար` գնդապետ Մորել) կողմից ցուցաբերված համառ դիմադրությամբ:
Դա թույլ տվեց Երեւանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին իր զորքերը լավագույնս նախապատրաստել հակառակորդի հետ վճռական բախմանը:
Ճակատամարտի ընթացքը
Առաջին խմբավորումը մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երեւան ներխուժելու նպատակով։ Թուրքական զորախմբի կազմում էին 36-րդ հետեւակային դիվիզիան, հարվածային եւ սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, հրետանային մարտկոց (50 հրանոթ): Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով ղողանջեցին Սուրբ Էջմիածին Մայր տաճարի կոչնակները, բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ժողովուրդը զինվեց։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին: Մարտերը շարունակվեցին մինչեւ մայիսի 26-ը: Ծանր կորուստներ կրելով թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։
Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան /հետագայում Խորհրդային Միության մարշալ/ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, ապագա գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։ 1968 թ-ին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը /հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը/: Մեծ է եղել եզդի ազգի եւ նրա զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը: Եզդիները հայերի հետ ենթարկվել էին ցեղասպանության, եւ այժմ, թուրքերի հաղթանակի դեպքում, նրանց սպասում էր վերջնական ոչնչացում: 1918 թվականին, երբ թուրքերը սկսեցին լայնածավալ հարձակում, կային հայկական ձեւավորված հզոր ուժեր` Հայկական ազգային կորպուսը` երկու դիվիզիայով եւ կորպուսային զորամասերով ու ստորաբաժանումներով:
Ահա թե ինչու խիստ դժվար էր թուրքերի առաջխաղացումը Արեւմտյան Հայաստանից մինչեւ Արեւելյան Հայաստանի մերձկասպյան գավառները: Թուրքերի հարձակումը Երզնկայից մինչեւ Բաքու տեւեց մոտ իննը ամիս: Հայերի կողքին կռվում էին նաեւ նրանց թեկուզ փոքրաթիվ, սակայն հավատարիմ դաշնակիցները: Այդ թվում` եզդի նվիրված եւ քաջ մարտիկները: Ջհանգիր աղան առանց որեւէ հրամանի եւ աջակցության հարձակվեց թուրքական զորքերի վրա եւ այդպիսով սատարելով բարեկամ եւ եղբայր հայերի բանակին: Սարդարապատի ճակատամարտում մասնակցել է մոտ 8.500 հայ եւ մոտ 500 եզիդի մարտիկ: Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացող Բաշ-Ապարանի մարտերին ընդհանուր հաշվարկով մասնակցել է մոտ 5.500 հայ զինվոր, որոնց հետ ուս-ուսի թուրքերի դեմ կռվում էին մոտ 500 եզդիներ` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ: Եզդի ժողովրդի դերը այս ճակատամարտերում շատ գնահատելի է եղել:
Այդ դժվարին օրերին Ջհանգիր աղան նաեւ կարեւոր դեր էր տանում ռազմաճակատում եւ թիկունքում` իր շուրջ համախմբելով հայ եւ եզդի շատ ֆիդայինների: Սա ցույց էր տալիս, որ հայերը փոքր ազգերի նկատմամբ ունեցել են խիստ մարդկային, բարեկամական ու եղբայրական վերաբերմունք, որն էլ փոխհատուցվում էր փոքր դաշնակիցների` հայերին ցուցաբերված անկեղծ ու նվիրյալ զինակցությամբ: Հայ ազգը հաղթեց նաեւ իր մարդկային ու լայնախոհ քաղաքականության շնորհիվ, որը հակադրվում էր թուրք ագրեսորների ռասիստական եւ անմարդկային քաղաքականությանը:
Ճակատամարտի նշանակությունը
Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, եւ հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:
Ըստ wikipedia կայքի եւ «Հայկական հարց» հանրագիտարանի