Բոլոր ժամանակներում էլ մարդը կարիք ունի ուշադրության, սակայն դրա համար մտածված, նաև՝ ցուցադրական գործողությունների մարդիկ դիմում են հիմնականում դեռահասության տարիքում, երբ դեռևս ինքնահաստատման կարիք ունեն: Զրուցելով մի քանի երիտասարդների հետ՝ փորձեցինք պարզել, թե ինչ հիմնական քայլերի են դիմում դեռահասության տարիքում՝ հակառակ սեռի ուշադրությունն ու համակրանքը շահելու համար: Հիմնականում երիտասարդները նշում են, որ իրենք ինչ-որ քայլեր չեն արել, փոխարենը՝ իրենց ուշադրությանն արժանանալու փորձեր արվել են J:
Հիմնականում բոլորը, որպես լավ շփման առաջին պայման, նշում են ընդհանուր նախասիրություններ ունենալու անհրաժեշտությունը: Հետևաբար, ինչ-որ մեկին գրավելու առաջին պայմաններից մեկն էլ նախասիությունների հարցում կոմպրոմիսների գնալն է:
20-ամյա Անին նշում է, որ ինքը երբեք իր նախասիրությունները չի փոխել ինչ-որ մեկի ուշադրությանն արժանանալու համար, քանի որ համոզված է. «Նախասիրությունները փոխելով՝ դժվար թե հնարավոր է ինչ-որ մեկի ուշադրությունը գրավել: Ընդհակառակը, հակառակ բևեռներն են ձգում իրար, երբ իրարից սովորելու կամ նոր բացահայտումներ անելու հնարավորություն ունեն»,-ասում է նա և հավելում, որ, այնուամենայնիվ, քիչ չեն այնպիսի աղջիկները, ովքեր իմանալով իրենց ընկերոջ նախասիրությունները, ամեն ինչ անում են ամբողջապես նրան դուր գալու համար՝այդպիսով դեմ գնալով սեփական բնավորությանն ու նախասիրություններին:
16-ամյա Նարեկը սովորում է դպրոցում: Հասցրել է հասկանալ, որ աղջկա համակրանքը շահելու համար պետք է նրան մեծ ուշադրության արժանացնել՝ նվերներ՝ հիմնականում՝ ծաղիկներ, ինչ-որ ռոմանտիկ անակնկալներ: Սակայն կարծում է, որ պետք է նաև ընդհանուր նախասիրություններ ունենալ կամ ձևացնել, թե դու էլ ես սիրում այն, ինչ՝ նա: «Եթե աղջկա հետ խոսես իրեն չհետաքրքրող բաներից, նրա աչքից կընկնես: Օրինակ, կար մի աղջիկ, որը սիրում է երգչուհի Նիքի Մինաժին, և ես ստիպված նրա հետ խոսում էի այդ երգչուհուց, թեև ինքս չէի սիրում: Սկզբում ամեն ինչ լավ էր, հետո, սակայն, ես հիասթափվեցի» J:
Կարդացեք նաև
Գոհարը սպորտային լրագրող է, նշում է, որ դպրոցում էլ ֆուտբոլ շատ է սիրել և այն ժամանակ, երբ իր ընկերուհիները խոսում էին դիմահարդարման պարագաներից, տղաներից, ինքը տղաների հետ խոսում էր ֆուտբոլային հանդիպումներից: Ասում է, որ անգամ հիմա, շատ հաճախ այնպիսի մարդիկ, ովքեր միշտ ասում են, որ ֆուտբոլից հեռու են, իր հետ շփման եզրեր գտնելու համար ստիպված են լինում ֆուտբոլ նայել:
Աստվածաբան Լուսինե Ադամյանը պատմում է, որ առաջին անգամ սիրահարվել է իր դասընկերոջը, 6-րդ դասարանում, տղան էլ նրան է սիրահարված եղել, սակայն ոչ մեկը առանձնահատուկ քայլեր չի արել, պարզապես միշտ իրար կողքի են նստել, դպրոցն ավարտելուց հետո նույնիսկ մտերիմ ընկերներ են դարձել: Լուսինեն հիշում է, որ այդ տղան շատ լավ գիտեր մաթեմատիկա. «Երևի հենց խելացիությունն էր դուրս եկել, բայց նստում էր կողքիս ու անկապ թեմաներից էր խոսում կամ սեղանն էր շարժում»J:
18-ամյա Հայկազը հիշում է, որ մինչև 6-րդ դասարան աղջիկների ուշադրությունը գրավելու համար կռիվներ էր անում՝ փորձելով ուժեղ տղայի տպավորություն թողնել, սակայն հետո նկատել է, որ առանց դրա էլ ամեն ինչ ինքնըստինքյան ստացվում է, քանի որ աղջիկներին գերում էին իր կապույտ աչքերը. «Աչքերս հրաշքներ էին գործում, և ես սկսեցի ոչինչ չանել տպավորություն թողնելու համար»,- ասում է երիտասարդը, ում աչքերը, կարծես թե, դեռ դժվար է գերելը J:
Հոգեբան Աննա Յոլչյանի կարծիքով՝ նախասիրությունների փոխվելը կարող է երկու կերպ մեկնաբանվել. ըստ նրա՝ բոլորովին վատ չէ, երբ ինչ-որ մեկը սիրում է այն, ինչ սիրում է նաև իր սիրելին, սակայն կա հարցի մեկ այլ կողմ ևս. «Եթե մարդն իրեն եթնագիտակցորեն փորձում է հավատացնել, որ սիրում է այն, ինչ առաջ չի սիրել, միայն նրա համար, որ իր սիրելի անձը դա սիրում է, կարող է լինել վախի հետևանք. սիրելիին կորցնելու վախի հետևանք: Եթե մենք իրար նման ենք, ավելի մեծ է հավանականությունը, որ կլինենք միասին, որ մեր հարաբերությունները կլինեն ամուր»: Ըստ հոգեբանի՝ սա առավելապես ենթագիտակցական շերտում ձևավորվող քայլ է, որը դրսևորվում է իրականում՝ հարաբերություններ ստեղծելիս կամ դրանք խորացնելիս:
Հռիփսիմե Գալստյան