Ոչ այնքան հայտնի Nextdoor բջջային սոցիալական ցանցը միավորում է հարևանությամբ ապրող մարդկանց: Ծրագիրը հնարավորություն է տալիս տեղեկանալ ողջ թաղամասի իրադարձությունների մասին, թեև այն դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ում, այս մասին հաղորդել է AllThingsD-ը: Սոցցանցը ուշադրություն է դարձնում նաև թաղամասի անվտանգությանը: Այն հնարավորություն է տալիս կիսվել ցանկացած վտանգավոր տեղաշարժի մասին: Հնարավոր է նաև արտակարգ հաղորդագրություն գրել, որը կտեսնեն տեղամասի բնակիչները:
Twitter-ը ևս նոր ծառայություն է գործարկում: Այն փորձում է պարզեցնել հեռուստատեսության և թվային մեդիայի սահմանագծին գտնվող ծառայության դիրքերը՝ ներկայացնելով գովազդատուների համար նոր գործիքներ, որոնք թույլ կտան հետևել մեդիա ընկերությունների արդյունավետությանը, ինչպես նաև` գովազդ ուղարկել նրանց, ովքեր հեռուստատեսությամբ տեսած գովազդի մասին կարծիք են հայտնել Twitter-ում, այս մասին գրել է Vesti-ն:
Եթե Twitter-ն ու Nextdoor-ը ավելացնում են ծառայությունները, Google-ը հակառակը՝ պատրաստվում է փակել դրանցից մեկը՝ Google Checkout-ը: Համացանցային վճարովի ծառայությունը կփակվի նոյեմբերի 20-ին, հայտնել է RiaNovosti-ն: Վաճառողներին նախազգուշացվել է այն մասին, որ նրանք պետք է պատրաստվեն մեկ այլ վճարովի պլատֆորմ ընտրելուն:
Մինչ Google Checkout-ը կփակվի, ընկերությունը մեկ այլ ծառայություն է թողարկել՝ ձայնային որոնում: Այժմ հարցի պատասխանը ստանալու համար պարտադիր չէ յուրաքանչյուր տողում հարցում մուտքագրել: Բավական է միայն համակարգչին միացնել բարձրախոսը և հենց նույն որոնողական տողի վրա սեղմել բարձրախոսի նշանը:
Կարդացեք նաև
Իսկ աշխարհահռչակ սոցցանցի՝ Facebook-ի բնակիչներից 100 մլն-ը, ինչպես պարզվել է հետազոտության արդյունքում՝ մարդիկ չեն, այլ կենդանիներ կամ կոմերցիոն ընկերություններ, այս մասին գրել է Daily Mail-ը: Ներկայումս սոցցանցում գրանցված է մոտ 1.1 մլն օգտատեր, որոնցից միայն 889.3 միլիոնն են մարդիկ: Սոցցանցի մարդ հանդիսացող օգտատերերի թիվը մեկ միլիարդի նշագիծը կհատի 2014 թվականին՝ կանխատեսում են վերլուծաբանները: Այժմ Facebook-ի օգտատերերի աճ է նկատվում հատկապես Ռուսաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:
Տիգրանուհի Թասլակյան