Ոչ կոմերցիոն ֆիլմերի սիրահարներին առաջիկա օրերին հաճելի անակնկալ է սպասվում` մայիսի 28-ից Երեւանում մեկնարկելու է «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնը: Փառատոնի ժյուրիի նախագահն է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր, կինոգետ Անետա Երզնկյանը, իսկ ռեժիսորներ Սուրեն Թադեւոսյանը, Էդգար Բաղդասարյանը եւ Հրանտ Վարդանյանը կիոնփառատոնի ժյուրիի մյուս անդամներն են: Ժյուրիի կազմում նաեւ ընգրկված է «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր եւ ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը:
Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ փառատոնի ժյուրիի կազմում չկան օտարերկրացի մասնագետներ, չէ՞ որ փառատոնը միջազգային է: «Չկա, որովհետեւ գումար չեն տալիս: Արտասահմանից ժամանած ժյուրիի անդամի մնալու, ուտելու, ճամփորդելու համար պետք է վճարել, Իսկ մենք այդքան գումար չունենք: Ես ձեզ ավելին ասեմ՝ հունգարացի հայտնի ռեժիսոր ունենք փառատոնին մասնկացող՝ Բալաշ Սիմոնի, ով ցանկություն հայտնեց գալ Հայաստան ու ներողություն խնդրել Հունգարիայի կառավարության քայլի համար: Իսկ մենք նույնիսկ այդ 200 հազար դրամը չունեցանք, որ վճարենք նրա գալու համար, մինչդեռ նա պատրաստ էր գալ ու ներողություն խնդրել իր կառավարության սխալ քաղաքականության համար:Նաեւ պիտի ասեմ, որ նրա ներկայացրած ֆիլմը մեր փառատոնի լավագույն ֆիլմերից մեկն է»:
Հունգարացի ռեժիսոր Բալաշ Սիմոնի «Վերջաբան» (Finale) ֆիլմը ներկայացված է «Նոֆի» միջազգային փառատոնի պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի անվանակարգում:
Աշոտ ԱԹԱՅԱՆ