Դեռ անցած տարի առողջ ապրելակերպը եւ օլիմպիական գաղափարները նաեւ լրագրողական դաշտում արմատավորելու եւ տարածելու նպատակով ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) եւ «Առավոտ» օրաթերթը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ բոուլինգի եւ հրաձգության մրցումներ կազմակերպեցին:
Տեսնելով, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, այս տարի ՀԱՕԿ-ի առաջարկությամբ որոշվեց ավելացնել նաեւ սեղանի թենիս եւ դարտս մարզաձեւերը եւ առաջին անգամ կազմակերպել ԶԼՄ-ների միջեւ սպարտակիադա, որի մեկնարկը տրվեց այսօր, «Արենա» կենտրոնում՝ բոուլինգով:
Նշված մարզաձեւերի ընտրությունը կատարվել է, հաշվի առնելով դրանց շարժողական բնույթը եւ մատչելիությունը: Բոուլինգի մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրել էին շուրջ 20 լրատվամիջոցների մոտ 60 աշխատակիցներ, որոնց համար կազմակերպվեցին տղամարդկանց եւ կանանց առանձին առաջնություններ: Ընդ որում, առաջին անգամ էր, որ այս մարզաձեւում Հայաստանում կազմակերպվեց կանանց առանձին առաջնություն: Թե տղամարդկանց եւ թե կանանց պայքարում առավել շատ միավորներ վաստակած 5-ական մասնակիցները մտան եզրափակիչ, որտեղ էլ որոշեցին հաղթողներին եւ մրցանակակիրներին:
Կանանց մեջ հաղթողների եռյակը կազմեցին Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա» TV), Անուշ Աղաբաբյանը («Armbowling.com») եւ Իլոնա Քամալյանը («Armwomannet.am»):
Տղամարդկանց պայքարում հաղթեց Աշոտ Հակոբյանը («Առավոտ» օրաթերթ): Նրան հաջորդեցին Թորոս Տեր-Անթինյանը («Totalfootball») եւ Սեւակ Գրիգորյանը (Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն):
Կարդացեք նաև
Բոլոր մրցանակակիրները պարգեւատրվեցին սպարտակիադայի հովանավոր ՀԱՕԿ-ի սահմանած մրցանակներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ