Այսօր Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա տոնակատարություն: Մշակութային միջոցառումների շրջանակներում ներկայացվեցին մի շարք երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Լեհաստանի և Ռումիանիայի Միացյալ թագավորության մշակութային և տեղեկատվական հետաքրքիր նախագծեր:
Անցորդները մոտենում էին պողոտայի ողջ երկայնքով տեղակայված տաղավարներին և ծանոթանում իրենց սիրելի երկրների հետ կապված մի շարք ծրագրերի և նախագծերի մասին:
«Այսօրվա մեր համագործակցության նպատակն է Հայաստանում ամրապնդել կայունության և բարեկեցության հիմքերը, որոնց հասնելու համար մենք փորձում ենք օգտագործել այն նորմերն ու ստանդարտները, որոնք կգործեն մեր երկրում և հիմքեր կտան իրականացնելու իրապես որակյալ բարեփոխումներ: Այս ամենի հիմքում ընկած է քաղաքակրթական միասնության և համընդանուր արժեքների խնդիրը »,- իր ելույթում նշեց փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Միջոցառմանը լրագրողների հետ նաև հանդիպում ունեցավ Եվրոպական Միության դեսպան Տրայան Հիսթերան, ով ասաց, որ այս տարվա թեման համագործակցությունը ու մշակույթն է, և միջոցառման նպատակը Եվրոպայի բազմակողմանի տիրույթը ևս մեկ անգամ ներկայացնելն է բազմազանության մեջ:
Ավելացնենք, որ վաղը մայիսի 26-ին Եվրոպայի օրը նշվելու է նաև Գյումրիում, որտեղ նույնպես կլինի ցուցահանդես և կներկայացվեն շուրջ 70 ծրագրեր և նախագծեր, որոնք գործում են տարբեր ոլորտներում ` մշակույթ, կրթություն, բնապահպանություն, երիտասարդական ծրագրեր և այլն:
Կարդացեք նաև
Օվսաննա Սիմոնյան