Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի գինը հնարավոր է նվազեցնել». «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ

Մայիս 25,2013 15:04

«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը վստահ է, որ գազի գնի բարձրացման հարցում քաղաքական բաղադրիչ կա:

Այսօր «Արմատ» ակումբում նա ասաց, որ ՀՀԿ-ն երկրում գների բարձրացման քաղաքականություն է վարում, և Հայաստանը բարձր գնի մակարդակով նմանվում է Եվրոպային:

Պարոն Ղուկասյանի կարծիքով, կառավարությունը գները  բարձրացնելով փորձում է ավելացնել բյուջեի եկամուտները. «Պետք է պահանջենք, որ գազի սակագինը  ոչ թե բարձրանա, այլ նույնիսկ նվազի»:

Նույն նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանն էլ ասաց, որ կառավարության 30 տոկոս սուբսիդավորման նախաձեռնության դեպքում նույնիսկ հնարավոր է նվազեցնել 9 դոլար բարձրացված գազի գինը: Նրա պատկերացմամբ, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը կարող է հետ վերցնել ներկայացրած հայտը, և գազի գնի բարձրացում չի լինի, փոխարենը, ըստ նրա,  «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է շահագործման ուռճացված ծախսեր, նաեւ աշխատավարձերի բարձրացման հարց:

Նրա խոսքերով, պետք է հանրայնացվի «Հայռուսգազարդի» հետ պայմանագիրը. «Իննսուն օր է տրված, որ ցանկացած ծախս հիմնավորվի: Պետք է ուսումնասիրենք ծախսերը: Եթե ծախսերն իջեցնենք, սակագինն անպայման կիջնի»:

Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ պատրաստվում են տապալել առաջիկա  տասը օրվա ընթացքում սակագնի վերաբերյալ իշխանությունների  որոշումն ընդունելու եւ օրինականացնելու ռազմավարությունը. «Կան կարեւոր հարցեր, որոնց նկատմամբ հանրությունը  հետեւողական չի եղել եւ ստացել է այն, ինչ ունենք՝ աճող աղքատություն եւ ուռճացված գներ: 2008-ին ներկայացրել էին ծրագիր, որ աղքատությունը հինգ տարվա ընթացքում մինչեւ տասը տոկոս պետք է իջնի, բայց ոչ թե իջել, այլ բարձրացել է: Ոչ ոք չի պատժվել, նույն կառավարությունը նույն կազմով շարունակում է աշխատել: Մենք պետք է անենք քայլեր, որ պահպանենք հանրության շահերը, թույլ չտալ հաստատել սակագինը եւ տանել նրան, որ իննսուն օրվա ընթացքում  սակագնի վերաբերյալ բոլոր լսումները կատարվեն»:

Ա․ Ղուկասյանի խոսքերով, քաղաքացիական անհնազանդություն է պետք եւ միաբերան որոշում՝ չվճարել սպառած գազի դիմաց նման սակագնով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031