Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են ողբերգությունից «օգուտներ» շահել, մարդկային ողբերգությունը վերածել շոուի»․ ՀԿ-ներ

Մայիս 25,2013 13:47

Կցանկանայինք մեր խոսքը ասել Հայաստանը ցնցած վերջին դեպքի կապակցությամբ: Մենք միտումնավոր հետաձգեցինք այն, չցանկանալով վշտի ու ցավի օրերին բորբոքել կրքեր: Խոսքը Նոյեմբերյանի զորամասի արտակարգ պատահարի մասին է: Խաղաղ պայմաններում բանակը էլի մեկ զոհ տվեց, մի ընտանիք էլ սուգ մտավ: Ամենացավալին այն է, որ պատճառը ավելի քան անհեթեթ է. անհաջող կատակ, անհանդուրժականություն, պատվի մասին կեղծ, տղայական պատկերացում և արդյունքը երեք խեղված ճակատագիր: Դեպքից հետո կատարվում է քննություն, անկասկած մեղավորները կպատժվեն, բայց երեք հայ երիտասարդի խեղված կյանքը էլ չի վերականգնվի: Ո՞վ է մեղավոր: Հնարավոր է, որ ինչ որ մեկը թերացել է իր պարտականությունների մեջ, ինչ որ մեկը անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել զինծառայողների միջանձնային հարաբերությունների խոտորումներին, բայց հիմնականում մեղավորը կարծում ենք նաև այն մթնոլորտն է, որի պայմաններում մեծանում է մեր երիտասարդության մի մասը: Գաղտնիք չէ, որ շատ երիտասարդներ պատվի, խիզախության, տղամարդկության մասին կեղծ պատկերացումներով են առաջնորդվում: Քանի դեռ չենք կարողացել արմատախիլ անել այդ մտայնությունը, համոզված ենք նման դեպքեր էլի են կրկնվելու: Ո՞վ է մեղավոր: Մեղավոր ենք բոլորս, մեղավորը այն անհանդուրժականությունն է, որ տիրում է մեզանում, մեր կենցաղում, քաղաքական կյանքում, տնտեսության մեջ, մի խոսքով ամենուր: Ո՞վ պետք է զբաղվի այդ խնդրով: Բոլորս, այլ կերպ հնարավոր չէ:

Մենք, որ անցել ենք պատերազմի բովով, ընկերներ և զինակիցներ ենք կորցրել, ամբողջապես գիտակցում ենք այն ցավը, որ այսօր ապրում է զոհվածի ընտանիքը: Գիտակցում ենք նաև այն ցավը որ ապրում է և ակամա հանցագործ դարձած երիտասարդի ընտանիքը:

Մխիթարանքի խոսքեր չկա և նման իրավիճակում չեն կարող լինել: Միակ բանը, որ հնարավոր է, թերևս, կորուստ ունեցած ընտանիքներին ամեն կերպ սատարել կարողանալն է: Դա կլիներ բնական, մարդկային, քրիստոնյային և հային վայել: Զոհված զինծառայողի տուն այցելեցին թե զորամասի, թե զինկոմիսարիատի ներկայացուցիչները: Գիտակցելով կատարվածի մեջ պատասխանտվության իր բաժինը զինծառայողի հուղարկավորության մասնակցեց նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը:

Փորձեց կիսել վիշտը, իր ցավը հայտնեց և հավաստիացրեց, որ մեղավորները անպայման կպատժվեն: Կատարվածի համար վշտացան և ցավակցություն հայտնեցին մեր հազարավոր հայրենակիցներ:

Բայց գտնվեցին մարդիկ, որ հայ են կոչվում ու մեր երկրի քաղաքացիներ են, որ փորձեցին և այժմ էլ փորձում են այս ողբերգությունից «օգուտներ» շահել, մարդկային ողբերգությունը վերածել շոուի:

Ոչ ոք չի ժխտում, որ մեր հայրենիքում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, որ բանակում դեռ շատ են պրոբլեմները, բայց դա իրավունք չի տալիս ոչ ոքի ողբերգությունը շոուի վերածելու: Սա անմարդկային, անբարոյական և մտահոգիչ է: Ինչ անուն տալ այն մարդուն կամ մարդկանց, որ հրահրել էին ծնողներին դիակը Երևան տանել, որ Հանրապետության հրապարակում հավաքել էին բանակում խաղաղ պայմաններում որդի կորցրած ծնողներին: Ինչպես որակել այն լրագրողին, որ հուղարկավորությունից մի քանի րոպե անց չարախնդորեն հարցնում է պաշտպանության նախարարին. «ինչու հրաժարական չեք տալիս…»: Նկատեք ոչ մի ցավակցական խոսք, ոչ մի փորձ անգամ կատարվածի պատճառները հասկանալու, ոչ մի առաջարկ օգնելու, որ նման դեպքերը ապագայում չկրկնվեն, այլ միայն «ինչու հրաժարական չեք տալիս»: Ինչ անուն տալ նրանց, ովքեր լուր սկսեցին տարածել, գլխավոր շտաբի պետի պաշտոնակության մասին, լուրեր տարածեցին ու տարածում են բանակի ղեկավարության մեջ իբր թե տիրող գզվրտոցների մասին… Չգիտենք դուք ասեք, դուք որոշեք:

Վերջում կցանկանայիք կատարվածի համար մեկ անգամ ևս մեր ցավը հայտնել, հավաստիացնել, որ կիսում ենք որդեկորույս ծնողների վիշտը, իսկ չարախնդողներին և կեղծ «գթասիրտներին» հիշեցնում ենք.

Սա մեր բանակն է, սա մեր երկիրն է և ցավն էլ մեր բոլորինն է, հեռու մնացեք մեր ցավից, մի փորձեք մեր վիշտը շոուի վերածել:

 

«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հովնանյան

«Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Գոհար Արմենակյան

«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ» ՀԿ-ի նախագահ Գրիշա Սարգսյան

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի նախագահ Յուրա Միքայելյան

«Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ Վաչագան Չիբուխչյան

«Թալիշի պաշտպան» ՀԿ-ի նախագահ Միքայել Ապրեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031