«Առավոտը» 10-ամյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են անելու, որ հուլիսյան մեկ շաբաթն իսկական տոն դառնա:
Մեր զրուցակիցն ասաց, որ կինոփառատոնի կազմակերպիչները նախեւառաջ այնպես կանեն, որ ցուցադրվող բոլոր ֆիլմերը մատչելի լինեն հասարակության լայն խավերի համար:
«Ես, օրինակ, երեք-չորս հոգու գիտեմ, որոնք ահավոր ծանր սոցիալական վիճակում են, բայց ամեն տարի գալիս են: Պատկերացրեք՝ ինչքան մարդկանց սոցիալական վիճակը ծանր է լինում, մարդիկ այնքան ձգտում են դեպի արվեստը: Գուցե դա փախուստի մի ձեւ է, բայց այդ հանգամանքը կա»:
Պարոն Ստամբոլցյանը, խոսելով «Ոսկե ծիրանի» առանձնահատկությունների մասին, նշեց, որ այն ավելի դեմոկրատական կինոփառատոն է՝ ի տարբերություն աշխարհում անցկացվող շատ այլ կինոփառատոների:
Կարդացեք նաև
«Մեր կինոփառատոնում չկան փակ զոնաներ, չկան հատուկ ցուցադրություններ: Մոսկվայից մեզ զանգում-ասում են՝ VIP տոմսեր պատվիրեք, մենք ասում ենք, որ այդպիսի տոմսեր չունենք: Նրանք զարմանում են՝ ինչպե՞ս թե չունեք»:
«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրենի խոսքով, աշխարհի բոլոր փառատոներն ունեն լճանալու հատկություն, ու այդ վտանգը ծառացած է նաեւ յուրաքանչյուր կինոփառատոնի առջեւ:
«Իսկապես, տարիքը սարսափելի բան է: Լճանալուց խուսափելու միակ միջոցը երիտասարդներին ներգրավելն է: Անհրաժեշտ են երիտասարդներ, որոնք անհանդուրժող կլինեն, նոր մտքեր կբերեն»:
Կինոքննադատն այնքան էլ չհամաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ եվրոպական կինոն հոգեվարքի մեջ է եւ ուր որ է՝ կմահանա:
«Իմ տարիքն է ինձ այդպես հուշում, որ եվրոպական կինոն արդեն մի քանի անգամ մեռել ու վերակենդանացել է: Ուրիշ հարց է, որ կինոն շատ է փոխվում՝ այնքան, որ ոչ ոք չի կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Տեխնոլոգիաների փոփոխման հետ միասին փոխվում է նաեւ հանդիսատես եւ ստեղծագործություն հարաբերակցությունը: Առաջ իսկապես պարտադիր էր հավաքվել մի մութ դահլիճում, եւ դա իսկապես մի մթնոլորտ էր ստեղծում, իսկ երբ հեռախոսով ես ֆիլմ նայում ու երբ ուզում ես՝ անջատում ես, դա լրիվ այլ բան է: Հոգեվարքի հետ համաձայն չեմ, քանի որ ես տարին առնվազն 10-15 եվրոպական որակյալ ֆիլմեր եմ նայում»:
Պարոն Ստամբոլցյանը, սակայն, համաձայնեց, որ հանդիսատեսը տարբեր է՝ ոմանք կինոյի մեջ զվարճանք են փնտրում, ոմանք էլ՝ հոգեւոր սնունդ:
Իսկ ընդհանրապես կինոքննադատն այս հարցում հանդուրժող է. «Նայած՝ ով ինչից է հաճույք ստանում: Մարդիկ կան, որ մտածելուց էլ են հաճույք ստանում: Այդ մարդկանց թիվը քիչ է, անպայման պետք է քիչ լինի»:
ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ