Մի շարք ԲՀԿ-ականներ այդպես էլ դեմ չքվեարկեցին կառավարության ծրագրին՝ չնայած խմբակցության որոշմանը։ «Մասնավորապես, ԲՀԿ գործարարները կամ բացակա էին կամ ներկա լինելով նիստին՝ չմասնակցեցին քվեարկությանը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, այս անգամ եւս դեմ չքվեարկեց, թեեւ գրանցվել էր։
Երեկ զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավորի հետ.
Պարոն Մարգարյան, ԲՀԿ խոսնակն ասաց, որ ԲՀԿ-ում կքննարկեն, թե ով ինչու չի մասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, եւ համապատասխան մոտեցում կլինի։ Դուք պատրա՞ստ եք պատասխան տալ։
Ինչի՞ն, ի՞նչ եմ արել, որ պետք է պատասխան տամ։
Կարդացեք նաև
Այն առումով, որ խմբակցության որոշումը, փաստորեն, չեք կատարել։
Թիմային որոշում էր կայացվել, որ պետք է դեմ քվեարկենք կառավարության ծրագրին, ու ես եթե ներկա լինեի, ես էլ դեմ կքվեարկեի, ինչի՞ մասին է խոսքը։
Իսկ կարելի՞ է իմանալ, ինչո՞ւ քվեարկության պահին դահլիճում չէիք։
Ես կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դուրս էի եկել, հանդիպում ունեի, մինչեւ հետ եկա, իրանք մի հինգ րոպե առաջ քվեարկել էին, ես չհասցրեցի։ Կարծում եք՝ հանցագործությո՞ւն եմ կատարել։
Եթե գաղտնիք չի, կարելի՞ է իմանալ՝ ոմ հետ էիք հանդիպում։
Իմ ընտրողների հետ, ես 11-րդ տարածքի պատգամավորն եմ ընտրված։
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Ձեզ հրապարակավ սատարել էր, հնարավո՞ր է սա լինի պատճառը, որ Դուք մի քիչ ուշացել էիք դեմ քվեարկելու հարցում։
Ես չեմ ուզում պատասխանել ձեր շանտաժային հարցերին։ Դա բացարձակ կապ չունի Սերժ Սարգսյանի՝ ինձ պաշտպանելու հետ…»
Մարինե Խառատյան
Զրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: