Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ «ելույթ» ունեցավ նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, գրում է այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը: «Պատգամավորի ելույթն ամենեւին կապ չուներ հանրապետությունում տեղի ունեցած կարկտահարության հետեւանքները վերացնելու մասին քննարկվող թեմայի հետ։ Վերջինս «կռիվը», ինչպես միշտ, լրագրողների հետ էր։ «Տղա ջան, քամակդ էն կողմ տար, չե՞ս տեսնում՝ խանգարում ես». Դիմեց նա օպերատորներից մեկին, իսկ հետո ասվածը շրջապատին ընկալելի դարձնելու համար հայտարարեց. «Էս լակոտները գալիս են ստեղ, չեն թողնում լսենք»։
Նկատենք, որ նա այդ պահին գլխով հավանության նշաններ էր ցույց տալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Արմավիրի մարզի պատգամավորների՝ տեղում մարզերի բնակիչների խնդիրներին ծանոթանալու կոչերին, մինչդեռ օպերատորները փակել էին պատգամավորի՝ Արգամիչին իր խանդավառությունը տեսանելի դարձնելու փորձերը։ Հիշեցնենք, որ այս պատգամավորը հաճախ է հայտնվում լրագրողների ուշադրության կենտրոնում հենց իր վարքագծի պատճառով…»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: