Ի՞նչ պետք է անել բանակի թվի կրիտիկական նվազում թույլ չտալու և երկրի պաշտպանունակությունը պահպանելու համար համապատասխան թվով զինվորականություն ունենալու համար: Միակ լուծումը կարող է լինել ռազմական ռեֆորմը: Իշխանությունը չի կարող երկարացնել ծառայության ժամկետը` դարձնելով 3 կամ նույնիսկ 2,5 տարի, քանի որ դա կառաջացնի լուրջ հասարակական դժգոհության ալիք, և արտագաղթի համար նոր լիցք կդառնա: Միակ ճանապարհը պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է: Հայաստանում բանակը պետք է դառնա վճարովի ծառայություն, և գուցե այդ դեպքում հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ թվով զինծառայողներ բանակի համար: Անցումը պրոֆեսիոնալ բանակին զգալիորեն կնվազեցնի դժբախտ պատահարների թիվը, քանի որ ավելի տարիքով և փորձառու զինվորականներն ավելի քիչ են հակված նվաստացնել իրենց ծառայակցին, կամ ամեն մի մանրուքի համար իրար նկատմամբ զենք գործադրել: Ռազմական ռեֆորմի իրականացումը և պրոֆեսիոնալ բանակին անցնելը չի նշանակում` արտադիր զինվորական ծառայության վերացում, բայց պետք է լրջորեն ընկալել, որ այն սահմանը, որ մենք ունենք, այն պայմանները, որում գտնվում է Հայաստանը, թույլ չեն տալիս 20 կամ նույնիսկ 30 հազարանոց բանակ ունենալ: Կարելի է, իհարկե, ասել, որ կարևորը բանակի թվաքանակը չէ, որ մեր զինվորը թշնամու 10 զինվորն արժե, որ կարևորը մեր մարտական ոգին է, հայրենիքին նվիրվածությունն հանուն նրա զոհվելու պատրաստակամությունը, որ մեր բանակը զինված է ամենաժամանակակից տեխնիկայով և այն օգտագործելու ունակ զինվորականությամբ: Բայց եթե սթափությունը վերջնականապես չի լքել մեզ, ապա կարելի է հասկանալ, որ 300 սպարտացիների կամ 500 մահապարտների միջոցով պատերազմի ելքը վճռելու ժամանակներն անցել են, և կարող է գալ մի ժամանակ, որ նույնիսկ ռազմական տեխնիկան աշխատեցնող զինվորներն ու սպաները չբավարարեն:
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: