Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են պատգամավորները 1 ամսվա աշխատավարձը փոխանցելու գյուղացիներին, բա իրենց տունը ո՞նց են պահելու

Մայիս 24,2013 22:08

Արմավիրիում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) առաջարկով բացվել է հաշվեհամար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջինն արձագանքեց այդ առաջարկին եւ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց՝ կոչ անելով մյուս պատգամավորներին հետեւել իր օրինակին:

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինքը որքա՞ն գումար է պատրաստվում փոխանցել՝ գյուղացիներին օգնելու համար: Նա պատասխանեց. «Ես հորդորելու եմ իմ տղաներին, որպեսզի կամ լրիվ աշխատավարձը կամ աշխատավարձի մի մասը պարբերաբար այդ հաշվեհամարին փոխանցեն: Մենք բավականին, կարծում եմ, մեծ գումարներ կունենանք, առավել եւս խնդրել ենք նաեւ, որ կազմեն 42 գյուղերի ուսանողների ցուցակը: Մտադիր ենք նաեւ ուսման գումարները վճարելու: Մասնակից ենք ուզում դարձնել նաեւ ամբողջ հասարակությանը»: Ինքը՝ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ իր ամբողջական աշխատավարձը փոխանցելու է:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը չասաց, թե ինքը որքան գումար կփոխանցի, բայց հավաստիացրեց, որ առաջին մարդկանցից մեկը կլինի, որը գյուղացիներին կօգնի:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ թե գործադիրը, թե օրենսդիրը, թե քաղաքական համակարգում ընդգրկված մարդիկ, եթե հնարավորություն ունեն ինչ-որ մի տեսակի օգնություն ցուցաբերել գյուղացիներին՝ ցուցաբերելու են. «Դա կլինի աշխատավարձի ամբողջական փոխանցում թե մասնակի՝ կախված է ամեն մի մարդու սոցիալական կարողություններից: Ընդհանուր առմամբ կիսում եմ պատգամավորի առաջարկը, որ հնարավոր է աջակցել այդ բնակավայրերի բնակիչներին բուհերում: Մենք հնարավորություն ունենք, հիմա դիտարկում ենք եւ անպայման կփորձենք մասնակի զեղչեր ապահովել: Խնդիրը եթե ոչ ամբողջությամբ, գոնե մասնակի կլուծվի: Այն, որ մարդկանց մատից գոնե փուշ ենք հանելու՝ դա հաստատ»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Այստեղ կարեւոր են ֆինանսական հնարավորությունները, բայց ավելի շատ կարեւոր է կամքը: Եթե իմ ֆինանսական կարողությունները մեծ լինեին, ես ոչ միայն աշխատավարձս, կարող է մի բան էլ ավելի տայի, բայց քանի որ ես գործարարությամբ չեմ զբաղվում եւ բազմաթիվ պատգամավորների նման ունեմ եկամուտի պրոֆեսիոնալ աղբյուր, դա դասավանդումն է համալսարանում, բնականաբար, ես ինքս իմ մասնակցութունը կունենամ, եւ իմ աշխատավարձի միայն որոշակի տոկոս կհատկացնեմ մեր սիրելի գյուղացիներին:

Հարցման ընթացքում շատ պատգամավորներ միանգամից պնդում էին, որ բա ո՜նց, փոխանցելու ենք մեր աշխատավարձը, եւ ինչպես Էդուարդ Շարմազանովը նկատեց, եթե պատգամավորները այսպես ասած կողմնակի եկամուտ, բիզնես չունեն, ինչպե՞ս են պատրաստվում իրենց 1 ամսվա աշխատավարձը փոխանցել արմավիրցիներին, բա իրենց ընտանիքն ինչո՞վ են պահելու:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031