Լրահոս
Օրվա լրահոսը

Բերբերյանը մտադիր է ամպերը ցրելու համար Թուրքիայի հետ օդային սահմանը խախտե՞լ․ (Տեսանյութ)

Մայիս 24,2013 20:11

Մայիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտը չէր լինի, եթե հակակարկտային կայանները նորմալ գործեին: Կարկուտի դեպքից հետո այսպիսի կարծիքներ հայտնեցին մի շարք ոլորտների մասնագետներ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այդ կայաններին, որպես այլընտրանք, առաջարկեց ցանցապատել գյուղատնտեսների այգիները, ինչպես որ ընդունված է աշխարհի մի շարք երկրներում կամ` կարկտաբեր ամպերը ցրել ինքնաթիռի միջոցով:
Այսօր Ազգային ժողովում կարկտահարության վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ, որին ներկա էին նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, Aravot.am-ը ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ մարզային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող վարչության պետ Սուրեն Հովսեփյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են անարդյունավետ գործում հակակարկտային կայանները: Պարոն Հովսեփյանի խոսքերով, մի շարք համայնքներում տեղադրված հակակարկտային կայանները չեն պատկանում արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ դրանց շահագործումն իրականացնում են համայնքապետերը. «Գյուղապետերն իրենք են գնել այդ կայանները եւ տեղադրել, դրանք փորձաքննություն չանցած կայաններ են եւ տեխնիկապես չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Գոյություն ունի հատուկ մեթոդակարգ, բայց նրանք, երբ ուզում են օգտագործում են, երբ չեն ուզում չեն օգտագործում»:

Ինչ վերաբերում է Բերբերյանի`ինքնաթիռի մեթոդով կարկտաբեր ամպերը ցրելու առաջարկին, ապա Սուրեն Հովսեփյանը վստահեցրեց, որ այդպիսի ինքնաթիռի մեկ ժամ թռիչքն արժե մոտ 30 հազար եվրո. «Եվ բացի այդ, քանի որ ամպերը հիմնականում գոյանում են Թուրքիայի տարածքում եվ տեղաշարժվում են դեպի Հայաստան, ինչպե՞ս եք պատկերացնում ռազմական ինքնաթիռի մուտքը հարեւան պետություն`ամպերը ցրելու համար: Արծաթի յոդիդի ցանքս կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի ինքնաթիռը լինի 10-12 կիլիոմետր բարձրության վրա, եւ մեծ արագությամբ գործի, իսկ այդ հարաչափերին համապատասխանում են միայն ռազմական ինքնաթիռները»:

Տեխնիկական գիտությունների թեկնածու պարոն Հովսեփյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու մեր երկրի համար այգիները ցանցապատելն էլ նպատակահարմար չէ: Բացի այն, որ մասնագետի խոսքերով, ցանցապատումը բավականին թանկ արժե`1 հեկտար ցանցապատելը նվազագույնը 12 հազար դոլար է, մեր երկրի բնակլիմայական պայմանները թույլ չեն տա, որ այդ ցանցը անվնաս մնա. «Մեր տարածաշրջանում եղանակային պայմաններն այնպիսին են, որ անարդյունավետ է ցանցապատելը, քանի որ անսպասելի տեղացած ձյունը, ուժեղ քամին կպոկեն եւ կպատռեն ցանցը, եվ գյուղացին չի հասցնի այն հավաքել»:
ԱԻՆ մասնագետի տվյալներով, մեկ նորմալ` տեխնիկական չափանիշերին համապատասխան հակակարկտային կայանը, որը կպաշտպանի 80-100 հեկտար տարածք, արժե մոտ 6,5 միլիոն դրամ:

 

Թե ինչպես է մայիսի 17-ին կարկտաբեր ամպը Թուքիայից մոտենում Արմավիրին` դիտեք ԱԻՆ-ի` Aravot.am-ին տրամադրած տեսանյութում՝ 

 

 

Լուինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031