Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած բռնարարքների գործով դատական հերթական նիստը, դատավոր Դավիթ Հարությունյանի եւ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան (հանրային պաշտպանի գրասենյակից) Մարինե Թովմասյանի միջեւ վեճ տեղի ունեցավ:
Դատավորը նախորդ նիստի ժամանակ հայտնել էր, որ դատական նիստը կավարտվի 16.30-ին, այդ իսկ պատճառով Մարինե Թովմասյանը մեկ այլ դատարանում դատական նիստի մասնակցելու համար խնդրել էր, որ նիստը սկսվի 17.00-ին: Մինչդեռ դատավորը չթույլատրեց, որպեսզի նիստը ընդմիջվի եւ Մարինե Թովմասյանը կարողանա մասնակցել այլ գործով դատական նիստին:
Մ. Թովմասյանը իր զբաղեցրած տեղը թողեց եւ հայտնվեց դահլիճում: Դատավորը հայտարարեց, որ դա ակնհայտ անհարգալից վերաբերմունք է եւ պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում, առաջարկելով զբաղեցնել իր տեղը: Մարինե Թովմասյանը դատարանի որոշումը համարեց անօրինական, մինչդեռ դատավորի կարծիքով անօրինական չէր իր պահանջը՝ կատարել պաշտպանի պարտականությունները: Պաշտպանը դատարանին մեղադրեց իր իրավունքները սահմանափակելու մեջ եւ նաեւ հիշեցրեց, որ դատարանն ուներ որոշում՝ այսօրվա նիստը 16.30-ին ավարտելու մասին: Դատավորը առարկեց, որ դա որոշում չի եղել, այլ պարզաբանում: Սրան էլ հակադարձեց պաշտպանը, ասելով, որ դա իր համար որոշում է եւ նաեւ ասաց, որ ինքը կկատարի դատարանի միայն օրինական որոշումները:
Ի դեպ, պաշտպան Մարինե Թովմասյանը հարցեր ուներ դատարան ներկայացած հարցաքննվող վկային՝ Դիանա Նավոյանին: Նա դատարանին խնդրեց կրիչը տրամադրել իրեն, որպեսզի պատրաստվի հարցերին: Դատարանը այդ հարցով էլ մերժեց պաշտպանին եւ փաստորեն ամբաստանյալի պաշտպանը զրկվեց վկային հարցեր տալու իր իրավունքներից:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ