Գյուղնախարարը հույս ունի, որ բարեգործներն էլ կարկուտից տուժած բնակավայրերի ուսանողներին կօգնեն
Կառավարությունը հաշվարկել եւ պարզել է, որ օրերս տեղացած կարկուտից Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի գյուղերը 20-25 միլիարդ դրամի վնաս են կրել: Սակայն կառավարության օգնությունը տուժած գյուղացիներին կլինի 2-3 միլիարդ դրամի չափով: Այսօր այս մասին Ազգային ժողովում կարկտահարության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարը վստահեցրեց, որ գյուղացիներին, որպես աջակցություն, բաժանվելու է դիզելային վառելիք եւ սերմացու՝ ըստ անհրաժեշտության: «Բանջարաբոստանային կուլտուրաները հնարավոր է վերականգնել: Ուսումնասիրել ենք ամբողջ գյուղացիական տնտեսությունների պահանջարկը, այն կազմում է 24 տոննա բույսերի սերմեր: Այդ սերմերն արդեն հավաքագրել ենք, վաղվանից բաժանելու ենք գյուղացիական տնտեսություններին: Առանձին մոտեցում է ցուցաբերվելու սոցիալապես անապահով ընտանիքներին»,-ասաց նախարարը:
Վարկերի վերաբերյալ հարց ունենալու դեպքում էլ նախարարը գյուղացիներին, առաջարկեց զանգահարել Կենտրոնական բանկի «թեժ գծին»: Քննարկմանը ներկա
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը փաստելով, որ ամեն տարի կարկտահարությունից գյուղացիները մեծ վնասներ են կրում, Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ գյուղատնտեսության ապահովագրություն չի ներդրվում մեր երկրում. «Չկա տարի, որ կարկտահարություն չլինի: Ժամանակը չի՞ գյուղատնտեսությունը ապահովագրելու»: Ի պատասխան՝ նախարարը նկատեց, որ այդ ոլորտը բավականին ռիսկային է, եւ այդ պատճառով ապահովագրական ընկերությունները հրաժարվում են այդ ճյուղը ապահովագրել: Սերգո Կարապետյանը, սակայն, չբացառեց, որ եկող տարիներին գյուղատնտեսության որոշ ճյուղեր`օրինակ` անասնապահությունը կապահովագրվի:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարին խնդրեց հստակեցնել, թե ինչ ասել է՝ սոցիալապես անապահովներին օգնել. «Սոցիալապես անապահով ընտանիք ասելով ի՞նչ ենք հասկանում եւ կոնկրետ ի՞նչ օգնություն է նրանց տրվելու: Խոսք էր գնում կարկուտից տուժած շրջանների ուսանողներին ուսման վարձի հետ կապված զեղչեր կամ զիջումներ անելու մասին: Այդ տարածաշրջանում այսօր խնդիր կա ուսանողների` Երեւան տեղափոխվելու եւ մնալու հետ կապված, որովհետեւ նրանց բնակավայրերը այնքան հեռու չեն, որ նրանք գան Երեւան ապրեն եւ այնքան մոտ չեն, որ տրանսպորտի հարցը ավտոմատ լուծված համարվի: Քննարկվե՞լ է, արդյոք,, գուցե այդ կարկտահարված շրջաններին ուսանողական ավտոբուսներ տրամադրվեն, որը իրավիճակը բավականին կթեթեւացնի»: Նիկոլ Փաշինյանի այլ հարցերը գյուղնախարարին` տեսանյութում.
Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության վերաբերյալ հարցին, պարոն Կարապետյանն ասաց, որ դրանով զբաղվում է սոցապնախարարությունը: Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա նախարարի համոզմամբ, «բարեգործներ կլինեն, որոնք այդ ուղղությամբ որոշակի խնդիրներ կլուծեն»: Ուսման վարձի հարցերն էլ խոստացավ քննարկել. «Մեր մասնագետները այս պահին էլ խորհրդատվություն են իրականացնում: Բանջարաբոստանային կուլտուրաների եւ պտղատու այգիների, թե այս ցանքը ոնց պետք է կատարվի, ոռոգումը ինչպես պետք է արվի եւ այլն, այո, մեր մեթոդական օգնությունը անհատական, բոլորին լինելու են, մի կասկածեք: Խաղողի այգիները, ինչպես որ առաջարկում եք, ցանցապատել սյուների վրա, ասեմ, որ դա հնարավոր չէ, մոտավորապես երեք մետր բարձրության կոնստրուկցիաներ են անհրաժեշտ դրա համար, իսկ խաղողի սյուներն ավելի ցածր են եւ դրանց վրա ցանցերը հավաքել հնարավոր չէ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ