Վստակաշատ ճարտարապետներին,գիտնականներին հանգարքի տուրք մատուցելու և նրանց անունները ու գործերը հավերժացնելու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի որդեգրած քաղաքականությունը` ավանդույթ է դարձել:
ԵՃՇՊՀ-ի գիտական խորհուրդի նիստի որոշմամբ`կարևորելով քաղաքաշինության ամբիոնի հիմնադրման և կայացման գործում ունեցած նշանակալի վաստակը, մայիսի 24-ին ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դաբնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:Անվանակոչման հանդիսավոր բացմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, , նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, պրոռեկտոր Յուրի Սափարյանը Ճարտարապետության դոկտոր,պրոֆեսոր, միջազգային ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր Գարրի Ռաշիդյանը, ճարտարապետության դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բարսեղյանը, քաղաքաշինության ամբիոնի ղեկավար Սիրեկան Օհանյանը, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և ճարտարապետության ոլորտում ճանաչված այլ դեմքեր:
Ներկաները բարձր գնահատեցին Արծվին Գրիգորյանի դերը Հայաստանի ճարտարապետության զարգացման գործում, ընդգծեցին նրա մեծ վաստակը գալիք սերնդի կրթման ոլորտում,առանձնացնելով նրա մարդկային բարձր հատկանիշները ու իրեն բնորոշ հումորը:
«Ես իմ շնորհակալություն եմ հայտնում պարոն ռեկտորին, համալսարանի աշխատակազմին և ուսանողներին, ոչ միայն հայրիկիս հիշատակը հավերժացնելու, այլև այս քայլով առանձնակի կարևորվում է քաղաքի դերն ու նշանակությունը»-, իր խոսքում ասաց վաստակաշատ ճարտարապետի դուստր, դիզայներ Արևիկ Գրիգորյանը:
Մեծ է նշանավոր գիտնական քաղաքաշինարարի ու նկարչի ներդրումը հայրենի ճարտարապետության մեջ: Նրան են պատկանում Երևանի լանդշավտային կազմակերպման և կանաչապատման ուրվագիծը ,1972թ.-ին քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքների մի մասը, 1960-1962թթ. և 1965-ին Հրազդանի կիրճի գլխավոր հատակագիծը և Երևանյան լճի լանդշավտային ճարտարապետությունը, 1968թ-ին Մոսկվայում ժողովրդական տնտեսության ցուցանմուշների ցուցահանդեսում Հայաստանի պուրակը և այլն : Նրա գրչին են պատկանում «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» համահեղինակ ( ճարտարապետ Մ. Թովմասյան ), «Հայաստանի ժամանակակից ճարտարապետություն», «ժամանակակից քաղաքի լանդշաֆտը» գրքերը և այլն:
ԵՃՇՊՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան