Կազմակերպիչների խոսքով՝ եւս 15 աշխարհահռչակ ռեժիսորներ կհյուրընկալվեն փառատոնում
Իշտվան Սաբո, Սերգեյ Լոզնիցա, Քշիշտոֆ Զանուսի, Յոս Ստելինգ: Այս համաշխարհային կինոգործիչների անուններն են հնչում, երբ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնի կազմակերպիչները խոսում են այս տարվա
կինոփառատոնի հյուրերից: Չնայած՝ փառատոնի կազմակերպիչները «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի մեծ մասի անունները դեռ գաղտնի են պահում:
«Մենք չենք ուզում այսօր բացել բոլոր գաղտնիքները, որովհետեւ այսօր շնորհակալություն հայտնելու եւ սկիզբը սկսելու օր է, բայց Իշտվան Սաբոն է լինելու մեր ժյուրիի նախագահը՝ համաշխարհային կինոյի ամենակարեւոր դեմքերից մեկը,- նշեց «Ոսկե ծիրան» երեւանյան փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը ու հավելեց,- հյուրերի մասին ամենահեշտն է խոսել, բայց ամենադժվարն է բերել»:
Կարդացեք նաև
Հ. Խաչատրյանի խոսքով, Գերմանիայից ինժեներ է հրավիրվել, ով կօգնի գործարկել «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը, որտեղ կկայանան բացօթյա ցուցադրություններ:
Ըստ փառատոնի կազմակերպիչների, այս տարի նախատեսվում է նաեւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրել աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը, ինչպես նաեւ կանցկացվի հոբելյանական ծրագիր՝ նվիրված Արամ Խաչատրյանի 110, Ներսես Հովհաննիսյանի եւ Արտավազդ Փելեշյանի 75- ամյակներին:
Aravot.am-ը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանից հետաքրքրվեց, թե փառատոնը հյուրընկալելո՞ւ է ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդելին ու արդյոք ժյուրիի կազմում ընգրկվա՞ծ կլինի կին ռեժիսոր:
Պարոն Ստամբոլցյանը պատասխանեց.
«Ժյուրիի կազմում շատ ենք ուզում, որ կին ռեժիսոր լինի, եւ նախնական համաձայնություն կա մի անվանի կին ռեժիսորի հետ, բայց քանի որ վերջնական չէ, չեմ ուզում այդ մասին խոսել: Իսկ Զայդելը կլինի: Եվ նրա մասին կխոսենք, երբ խոսենք ծրագրի ու պատվավոր հյուրերի մասին: Կարող եմ ասել, որ, այո, լինելու է, համենայնդեպս, նախնական պայմանավորվածություն կա»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ