Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակ»-ի խմբագիրը` Ս. Ալեքսանյանին. «Թող բացի, տեսնենք քանի՞ օր կաշխատի նրա տոպկող լրատվամիջոցը»

Մայիս 24,2013 15:22

Երեկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարեց իր որոշման մասին, թե նոր կայք է բացելու եւ իրեն քննադատողներին «տոպկելու»

Aravot.am-ը լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց` մտահոգիչ չէ՞ այն փաստը եւ ինչի՞ հետեւանք է այն, որ ԶԼՄ-ները ըստ էության մեզանում դառնում են այսպես ասած «տոպկելու» գործիք:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այս առիթով փոխանցեց հետեւյալը. «Սա առաջին հերթին նրա հետեւանքն է, որ մեր երկրում բոլոր հիմնական ռեսուրսները կենտրոնացել են մի խումբ մարդկանց ձեռքում: Օրինակ, եթե իշխանությունն աջակցում է տվյալ քաղաքական կուսակցությանը, ապա այն հեռանկար ունի, հակառակ դեպքում քաղաքական ուժը ռեսուրսազրկման պայմաններում այլեւս գործել չի կարող: Նույնը վերաբերում է նաեւ լրատվամիջոցներին: Մեծահարուստները, առաջատար գործիչները շահագրգռված են ունենալ ԶԼՄ եւ իրենց խողովակով քաղաքական ազդեցություն ունենալ հասարակության վրա: Ուստի այդ լրատվամիջոցները գոյություն ունեն տոպկելու կամ մեծարելու, ոչ թե հանրության պահանջարկը սպասարկելու համար: Այդ կարգի ԶԼՄ-ների բացումը հենց այս երկու ֆունկցիայի համար է»:

Հետաքրքրվեցինք` լրագրողական հանրույթը ինչպե՞ս կարող է այդ ԶԼՄ-ներին դուրս թողնել մրցակցությունից: Բ. Նավասարդյանը պատասխանեց. «Դա դժվար է, քանի որ դրա հիմնական ձեւը որպես ֆինանսավորման աղբյուր սպառողին ունենալն է, իսկ զանգվածային սպառողը ՀՀ-ում այդքան ռեսուրսների չի տիրապետում`սոցիալ-տնտեսական իրավիճակի հետեւանքով, որ պահի ԶԼՄ-ին իր ներդրումներով, կամ լինելով ակտիվ գովազդի սպառող: Կամ, եթե ունենանք այնպիսի զարգացումներ, որ մեծահարուստները չունենան քաղաքական կողմնորոշում, կամ գոնե ունենան բազմազան քաղաքական կողմնորոշում, որ չհավաքվեն միայն իշխանության, կամ ստվերային իշխանություն հանդիսացող մեկ այլ օլիգարխի կուսակցության շուրջ: Եթե ՀՀ-ն պրակտիկ, ոչ միայն թղթային մակարդակով սկսի կատարել այն պայմանավորվածությունները եւ պարտականությունները, որոնք եվրոպական ինտեգրացիայի շրջանակներում վերցնում է իր վրա, օրինակ` Ասոցացման պայմանագրի, Ազատ առեւտրի գոտու մաս դառնալու գործընթացները, ապա այնտեղ հստակ մեխանիզմներ կան` ինչպես բիզնեսը տարանջատել քաղաքականությունից»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ նույն հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «ԶԼՄ-ները տարբեր մարդկանց գիտակցության մեջ տարբեր ընկալում ու ասոցիացիաներ են առաջացում: Մեկի համար դա տոպկելու, մյուսի համար գաղափարներ արտահայտելու, ինտրիգներ սարքելու, հակառակորդների տակ փորելու գործիք է: Յուրաքանչյուրն իր արժեհամակարգի պրիզմայով է ընկալում ԶԼՄ-ի դերն ու նշանակությունը մեր հասարակության մեջ: Մենք լրագրողներով պիտի այնպես անենք, որ մեկ օրվա կասկածելի նպատակներով ստեղծված լրատվամիջոցները  հիմք չունենան, ինչքան արագ ծնվում են, այդքան արագ էլ մեռնեն: Եթե մեկ-երկու տոպկելու ակցիաներն ավարտվեն, նրանից հետո  ի՞նչ են անելու: Լրատվամիջոց պահելը, հասարակական պահանջ բավարարելը բարդ խնդիր է, եւ որ անում ենք` մեր նվիրվածության, գիշեր- ցերեկ մեր աշխատանքի շնորհիվ ենք անում: Սամվել Ալեքսանյանին թվում է, թե լրատվամիջոց բացելն ու պահելը այդքան խաղ ու պար է, հա՞: Թող բացի, տեսնենք քանի՞ օր կաշխատի նրա տոպկող լրատվամիջոցը: Սա մի կողմից ինտերնետի, կայքերի բազմազանության գայթակղության արդյունք է, մյուս կողմից էլ մեր հասարակությունը շատ է փոխվել, արժեքային համակարգի մեջ բացասական փոփոխություններ են եղել, ինչը պետության, իշխանության քաղաքականության արդյունք է: Իսկ պետությունն ի վերջո պիտի զտի, պիտի բարձրացնի հանրությանը, ոչ թե ավելի ցածր կրքերի մեջ թողնի: Դրանք փոխկապակացված մի շղթայի տարբեր օղակներ են»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hamlet says:

    Լրագրության ոլորտում մենակ Լֆիկ Սամոն էր պակաս, իբր նրա նմանները քիչ էին.

  2. Համլետ says:

    Աննա ջան,իմ մեկնաբանությունը վերախմբագրելու համար,իհարկե՝ շնորհակալություն,բայց կարելի էր “шланг” բառը փոխարինել ,,ռետինե խողովակ,,-ով…:)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031