Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն տարի այս օրը ես լաց եմ լինում». Հիշողություններ դպրոցից

Մայիս 24,2013 14:51

 

Դպրոցն ավարտելուց հետո ամենակարևորներից մեկը, որ մնում է մեր մեջ՝ հիշողություններն են, այն ջերմ ու ուրախ պահերը, որ հիշեցնում են մեզ մեր դպրոցը, ուսուցիչներին, դասղեկին, դասընկերներին, մինչև անգամ միջանցքներն ու բուֆետը 🙂

«Ամեն առավոտ դպրոց մտնելուն պես երազում էի այն օրվա մասին, թե երբ եմ ավարտելու, – ասում է 25-ամյա Լուիզան, – իսկ ավարտելուս օրը երազում էի, որ այդ երազանքս երբեք չկատարվեր»: Դասերից միշտ է փախել, պատճառը, ինչպես ինքն է ասում՝ չսիրված ուսուցիչներն ու առարկաներն էին. «Ֆիզիկա, քիմիա ու կենսաբանություն միշտ չեմ սիրել, ու երբ վերջին ժամն էր լինում չէի մնում, ու որ ամենահետաքրքիրն է՝ դասարանի տղաների հետ էի փախնում դասից, դրա համար հենց փախնել էին ուզում ինձ էին ասում, ես լավ կազմակերպում էի ամեն ինչ», – պատմում է նա:

22-ամյա Մամիկոնն էլ միշտ ժպիտով է հիշում անցած տարիները, բայց և այնպես երբեք չէր ցանկանա ժամանակը հետ բերել, ասում է. «Ես իմ կյանքում ոչինչ չէի ցանկանա նորից ապրել, ինձ թվում է անհետաքրքիր կլիներ կրկնողությունը»: Հիշում է, չէր սիրում պատմության ուսուցչուհուն, դասերն էլ չէր սովորում, իսկ ուսուցչուհին միշտ ասում էր՝ քեզ պատմություն պետք կգա ու չես իմանա, ավելի լավա սովորի, որ հետո չզղջաս: Մամիկոնն, իհարկե, ուշադրություն չէր դարձնում, բայց արի ու տես 10-րդ դասարանում որոշում է ընդունվել ԲՈւՀ-ի հենց պատմության բաժին. «Դե սկզբում փոքր էի, չէի սիրում սովորել, նորմալ չէի սովորում, իսկ հետո մեծացա ու ավելի լավ գիտակցեցի առարկաների կարևորությունը, և սկսեցի սիրել պատմությունն ու մասնագիտանալ հենց այդ ուղղությամբ,- ասում է նա, – հիմա երբ ուսուցչուհիս պատահաբար ինձ տեսնում է, ասում է՝ բա որ ասում էի պետք է գալու»:

«Ամեն տարի այս օրը ես լաց եմ լինում», – ասում է 20-ամյա Քնարիկը: Կարոտում է դպրոցը, ընկերներին, այն ճանապարհը, որտեղով ամեն առավոտ գնում էր դպրոց. «Օրեր առաջ դասղեկիս տեսա ու չկարողացա հուզմունքս զսպել, ավարտելուց ի վեր չէինք հանդիպել. – ասում է նա, – նայում եմ նրան, թվում է, թե հեսա դաս պետք է հարցնի, իսկ ես անպատրաստ եմ, չէի հասկանում հետս ինչ էր կատարվում, շատ էի կարոտել նրան, շատ թանկ ու հարազատ մարդ էր ինձ համար դարձել, այդ օրը հասկացա»:

«Վերջին զանգի փորձերին չէիք գնում, այդ ընթացքում պարապում էինք ընդունելության քննությունների համար ու չէինք հասցնում փորձի գնալ, – պատմում է 20-ամյա Նունեն, – մեր դասղեկն էլ բոլորիցս հիասթափված, մտածում էր, թե շատ վատ կներկայանանք բեմում, բայց իհարկե այդպես չեղավ, որովհետև դասղեկի համար շատ անակնկալներ էինք պատրաստել, ու բոլորովին այլ միջոցառում կազմակերպել: Այդ մասին գիտեինք միայն մենք՝ երեխաներով, ու մեր ծնողներից մեկը: Եվ երբ մեր ելույթի պահը եկավ այնքան լավ ստացվեց ամեն ինչ, դասղեկս հուզել էր, դեռ բեմից չէինք իջել, երբ մոտեցավ համբուրեց բոլորիս ու շնորհակալություն հայտնեց, շատ տպավորված էր»: Դպրոցական հիշարժան օրեր ևս եղել են. «Գրականության դասին «հերթ էինք պահում», արդեն գիտեինք որ օրը ով է պատասխանելու, մենք մեր մեջ բաժանում էինք ու գնում պատասխանելու, – ասում է նա, – ուսուցչուհին էլ մտածում էր ՝լավ սովորող երեխեք են, ձեռք են բարձրացնում, որ պատմեն ու այդպես հարցնում էր առանց մատյանին նայելու» 🙂

Դպրոցը շա՜տ կարոտած՝ Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031