«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փակագծերը բացելով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի աշխարհահռչակ ռեժիսորների ու կինոգործիչների անուններ տվեց, որոնք ներկա են լինելու հուլիսի 7-14-ը կայանալիք կինոփառատոնին:
Այն հարցին, թե արդյոք հրավիրվել է աշխարհահռչակ դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը, «Ոսկե ծիրան»-ի տնօրենը պատասխանեց.
«Քանի որ ես անձնապես ծանոթ եմ նրա հետ, իրար հետ խմել ենք մի քանի անգամ: Շատ սիրում է խմել, բայց վախենում է ինքնաթիռներից: Ինքնաթիռ չի նստում երբեք:
Ինքն ինձ ամեն անգամ հարցնում է՝ մի՞թե ձեզ մոտ նավ չի գալիս, ախր Հայաստանը ծով ունի, չէ՞: Ես ասում եմ՝ չէ, ծով չունի»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք հայ հասարակությունը պատրա՞ստ է այդպիսի բարձր մակարդակի ֆիլմերի ու ռեժիսորների առկայությանը Երեւանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ցածրորակ ֆիլմեր են ցուցադրվում մայրաքաղաքի կինոթատրոններում ամբողջ տարին շարունակ:
«Կարող եմ ասել, որ 10-րդ տարում մենք ունենք մնայուն հանդիսատես, որոնք սիրում են հոգեւոր-մշակութային կինոն: Մենք առաջին տարիներին ընդամենն
ունեինք հազարից երեք հազար հանդիսատես: Հիմա ունենք հիսունից վաթսուն հազար հանդիսատես: Մենք նաեւ նկատի ունենք, որ մեր հանդիսատեսը հարուստ չէ շատ: Նրանք ավելի շատ մշակութային, ինտելեկտուալ մարդիկ են: Մենք փորձել ենք ցածրացնել տոմսի գինը, որպեսզի ամեն մի մարդ հնարավորություն ունենա տոմս առնի ու նայի լավագույն ֆիլմերը: Շատ հանգիստ եմ, քանի որ արդեն հանդիսատես կա»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ