Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Մայիս 24,2013 14:24

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երրորդ

ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Եվ հիմա ամենաառաջին եռագույնիկները պայուսակներից հանած քաղբանտարկյալների մայրերին, կանանց, քույրերին ու իգական սեռի ազգականներին հիշելով՝ մտածում եմ, որ մեր բոլոր քաղբանտարկյալների ու գաղափարականների ծնողները, կանայք, քույրերը, եղբայրներն ու ազգականներն էլ են քաղաքական ու գաղափարական, ընդ որում՝ նրանք առանց բացառության ու անմնացորդ կիսում են իրենց ազգական քաղաքականի ու գաղափարականի քաղաքական ու գաղափարական հայացքները, եւ եթե գործիչը կարկառուն ու երեւելի դաշնակցական է, վերջինիս կինը, քույրը, եղբայրը, ծնողներն ու մոտիկ ազգականներն էլ են հավատավոր ու երդվյալ դաշնակցական, եւ ռամկավարների պարագայում էլ է նույնը, եւ հնչակների պարագայում էլ, կարծում եմ, նույնը կլինի,  եւ եթե առաջներում  միամտաբար կարծում էինք թե՝ էս ասածներս զուտ սփյուռքյան երեւույթներ են, հիմա աստիճանաբար սկսում ենք համոզվել, որ սա միանգամայն ազգային ու համազգային  երեւույթ է, որովհետեւ ութսունութից սկսած՝ ընտանյոք ու ազգուտակով ենք ՀՀՇ-ական, ԱԺՄ-ական ու ԱԻՄ-ական դառնում, եւ վերջերս էլ՝ ՀԱԿ-ական, Բարգավաճական ու Ժառանգական, եւ եթե հանկարծ կարկառուն ՀԱԿ-ականը ՀԱԿ-ից դուրս գալով՝  Ազատ դեմոկրատ է դառնում, նրա հետ համընթաց ու սինքրոն իր ընտանիքի եւ ազգուտակի ներկայացուցիչներն էլ են երես թեքում ՀԱԿ-ից ու անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանից, եւ մեզանում բացառությունները գրեթե բացառվում են, եւ եթե նույնիսկ բացառություններ լինում են, էդ բացառությունները հենց բացառություններ էլ կոչվում են՝ հետագայում ներգրավվելով գեղարվեստական գրականության մեջ ու ֆիլմերում՝ Սարոյան եւ այլ եղբայրների դրսեւորումներով, եւ եթե Արզումանյան Ալիկի ու նրա ամերիկուհի կողակից Մելիսիա Բրաունի օրինակը չլիներ, պիտի մտածեի, որ ասածս էդ ընտանեկան ու ազգակցական գաղափարականության երեւույթը զուտ հայկական ու նեղազգային երեւույթ է, բայց քանի որ Ալիկի ու իր համակրելի կողակցի օրինակը կա, եւ քանի որ Մելիսիայից առաջ էլ դեկաբրիստների անձնազոհ կանանց օրինակն է եղել, ստիպված եմ եզրակացնել, որ ասածս էդ ընտանեկան ու ազգակցական գաղափարականությունը միանգամայն  մարդկային ու համամարդկային երեւույթ է, եւ Ալիկի ու դեկաբրիստների կանանց հիշելով՝ վերստին պիտի վերադառնամ ու անդրադառնամ Գորգիսյան Մովսեսի ու սովետական շրջանի քաղբանտարկյալների կանանց, քույրերին, ծնողներին ու մերձավորներին, որովհետեւ, ինչպես հիմա եմ սկսում հասկանալ, մեզանում ոչ միայն կուսակցականությունն է տնական ու ազգակցական զբաղմունք, այլեւ՝ գաղափարականությունը, եւ չնայած մեր օրերում էս երկուսը համարյա նույն բանն են, քաղբանտարկյալների եւ մանավանդ սովետական շրջանի քաղբանտարկյալների ու նրանց մերձավորների գաղափարականությունն ավելին էր, քան՝ սովորական կուսակցականությունը, եւ քանի որ մանավանդ սովետական տարիներին  քաղաքական լինելն անհամեմատ վտանգավոր էր, քան՝ կուսակցական լինելը, երեւի էդ պատճառով էլ սովետական շրջանում քաղաքականներն ահավոր քիչ էին, եւ կուսակցականները՝ ահավոր շատ, բայց կուսակցականները հարյուրապատիկ ու հազարապատիկ շատ կլինեին, եթե էդ երկրի միակ՝ կոմունիստական կուսակցության քանակությունը խստիվ ու հստակ լիմիթավորված չլիներ, եւ, ընդհակառակը, քաղաքականների ու քաղբանտարկյալների քանակությունն էդ երկրում ու մանավանդ էդ երկրի Հայաստան կոչվող հատվածում անհամեմատ քիչ կլիներ, եթե քաղբանտարկյալներն ու քաղաքականներն ազգականներ ու հարազատներ չունենային, եւ եթե սովետական շրջանի  հայ  քաղբանտարկյալների մասին որոշ տեղեկություն ու տեղեկատվություն ունեք, անկասկած կիմանաք, որ քաղբանտարկյալ Ստեփան Զատիկյանը քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանի փեսան էր, իսկ քաղբանտարկյալ Աշոտ Նավասարդյանը՝ քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի աներձագը, եւ չնայած Գաբրիելյան Մեխակն ու Գեւորգյան Հայկը  քաղբանտարկյալներ չեն եղել, իրենք էլ են քաղաքական եղել եւ Հայաստանի փրկության հարցերով զբաղվել, որովհետեւ առաջինն Արշակյան Ազատի փեսան է, իսկ երկրորդը՝ Արշակյան Ազատի բաջանաղն ու Նավասարդյան Աշոտի փեսան, եւ չնայած Մովսես Գորգիսյանը քաղաքականներից ու քաղբանտարկյալներից որեւէ մեկի ազգականը չէր, ինքն էլ մեկ այլ քաղբանտարկյալի՝ Հակոբջանի հարեւանն ու աշակերտն էր, ու էսպես՝ մեկը մյուսից օրինակ վերցնելով՝ քաղաքական ու քաղբանտարկյալ են դարձել, եւ նրանց մասին Ղարաբաղյան շարժման ու Սովետի փյուզման տարիներին իմացանք, եւ նրանք բոլորն էլ մայրաքաղաքի ծայրամասերում ծնված ու մեծացած մեզ պես սովորական տղերք էին, եւ որ մեզնից քաջ ու մեզնից ահագին տարբեր էին՝ Շարժման տարիներին իմացանք, եւ նրանցից միայն Վիգենին  ու Մերուժանին էի Սովետի օրոք անձամբ ճանաչում, որովհետեւ երկուսն էլ բանաստեղծ էին, եւ Անդոյին էլ Վահանավանքի պեղումներից գիտեի, եւ Մոսոյին էլ ռեժիսոր Սաշիկի միջոցով գիտեի, եւ Աշոտին, Մեխակին, Վարդանին, Պարույրին ու էլի շատերին Ազատի շնորհիվ ճանաչեցի ու իմացա, որովհետեւ անկախության առաջին տարիներին Ազատի կուսակցության թերթում էի աշխատում, եւ, ինչպես երեւի դուք էլ նկատեցիք, էս ամենի մեջ մի շատ անարդար բան կա. մարդիկ դեռեւս պատանի հասակից անձնազոհաբար պայքարել են հանուն Հայաստանի ազատության ու անկախության, հանուն էդ գաղափարների ազատազրկվել ու կյանքի  վայելքներից իրենց զրկել են, իսկ մենք նրանց մասին տարիներ անց ենք միայն իմացել, եւ, որ ավելի անարդար է, հազվադեպ ենք նրանց հիշում, եւ եթե հիշում  ենք էլ՝ պատահմամբ ու պատահաբար ենք հիշում, եւ ինքներդ եք վկա, որ էս անգամ Մովսես Գորգիսյանին Սլովակիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո Հրապարակում ծածանվող եռագույն դրոշների առիթով հիշեցի, եւ ուրիշները նույնիսկ էս տեսակ առիթներով Մովսեսին եւ մյուս քաջարիներին ու անձնազոհներին չեն հիշում, եւ հիմա նաեւ մտածում եմ, որ Մովսեսին ու մյուս քաջարիներին ֆուտբոլի առիթով հիշելս էլ պատահական չէր, որովհետեւ իրենց երազանքն էր, որ մի գեղեցիկ օր մեր ֆուտբոլիստները հանդես գան մեր իսկ պետության անունից ու մեր իսկ պետական օրհներգի ուղեկցությամբ, եւ ահա՝ երեկ երկու հազար տասնմեկի  հոկտեմբերի յոթն էր, եւ ահա անկախացած Հայաստանի պետական օրհներգն էր հնչում, եւ  չնայած մեր ֆուտբոլիստները հազիվհազ էին օրհներգի բառերը մրմնջում, եւ չնայած մերոնցից Բերեզովսկին ու Մարկոսը մյուսներից ավելի աշխույժ ու ավելի հոդաբաշխ էին մրմնջում, այդուհանդերձ, օրհներգից անմիջապես հետո սկսվածը բոլորով միասին ու համատեղ էին կատարում, եւ օրհներգից անմիջապես հետո սկսվածը ոչ թե պարզապես ֆուտբոլ էր, այլ՝ միանգամայն այլ բան, ավելի ճիշտ՝ էն իսկական ֆուտբոլն էր, որ սովոր էինք տեսնել Ռոնալդոյի, Ռոնալդինյոյի եւ այլոց կատարմամբ, իսկ ինչ վերաբերում է Մեսսիին, նրա դերը երեկ երեկոյան Հանրապետական մարզադաշտում Յուրա Մովսիսյանն անձամբ էր ստանձնել, եւ, ինչպես մերոնց նախորդ հաղթանակը, էս մեկն էլ լիասիրտ ու լիաթոք վայելեցի Հրապարակի «Վիվարոյում», եւ, ինչպես  նախորդ հաղթանակից հետո, էս մեկից հետո էլ դուրս թռանք Հրապարակ, եւ, ինչպես նախորդից հետո, էս մեկից հետո էլ էր Հրապարակը ողողված եռագույններով, եւ, ինչպես նախորդից հետո, էս մեկից հետո էլ էդ դրոշները տեսնելով՝ Մովսեսի էն առաջին ու ամենամեծ եռագույնը հիշեցի, եւ հիմա վերստին Մովսեսի ու երեկվա եռագույնները հիշելով՝ արդեն սկսում եմ հասկանալ, որ առանձնապես չեմ սխալվել՝ ֆուտբոլի առիթով Մովսես Գորգիսյանին եւ դժվարին ժամանակների մեր քաղաքականներին ու քաղբանտարկյալներին հիշելով, որովհետեւ Սլովակիայի աներեւակայելի եւ Մակեդոնիայի հանդեպ երեկվա միանգամայն պատկերացնելի հաղթանակներից հետո՝ հիմա արդեն սկսում եմ հասկանալ, որ մեր ֆուտբոլիստների էս վերջին հաղթանակներն էլ են սխրագործություն, եւ, որ ամենակարեւորն է, մեր ժողովրդին էնքան են ոգեւորում, ինչքան՝ պատերազմի դաշտերում տարած հաղթանակները, եւ չնայած վերջերս մեր շախմատիստների ու մեր ծանրորդների շնորհիվ կարծես թե հաղթանակների պակաս չենք զգում, համաձայնվեք, որ ֆուտբոլն անհամեմատ այլ է, եւ անհամեմատ այլ լինելով՝ ֆուտբոլը ոչ միայն ապրեցնում է, այլեւ տրամադրում եւ նույնիսկ պարտավորեցնում է հետագայում եւս ապրել, ընդ որում՝ ոչ միայն հայերիս է տրամադրում ու պարտավորեցնում, այլեւ՝ աշխարհի մյուս ժողովուրդներին էլ, որովհետեւ ֆուտբոլը կյանք է, ավելի ճիշտ՝ ֆուտբոլն ինքը կյանքն է, եւ ոգեւորության էս վերջին ալիքները ցույց են տալիս, որ ֆուտբոլը ոչ միայն իմ կյանքն է, այլեւ՝ շատերինը, բայց ամենավերջին իրադարձությունները ցույց տվին, որ ֆուտբոլը ոչ միայն իր պարգեւած ուրախությամբ է կյանք, այլեւ՝ իր  հարուցած չափազանց մեծ տխրությամբ, եւ մինչ էս բաները գրում էի, մերոնք Դուբլինում 1-2 հաշվով պարտվեցին իռլանդացիներին, եւ ձեռքս էլ չի գնում էս պարտվեցին բառը գրել, որովհետեւ Դուբլինի էդ  պարտությունն ավելի քան բարոյական հաղթանակ  էր, եւ Դուբլինի երեկվա գիշերային էդ ճակատամարտն ու մերոնց էդ բարոյական հաղթանակն Ավարայրի հետ չեմ համեմատում միայն ու միայն էն պատճառով, որ Ավարայրի ճակատամարտն անձամբ չեմ տեսել, եւ չնայած Դուբլինի մարտադաշտում հարբած փղեր չկային, իսպանացի մրցավարը մենմենակ ու մեծ հաջողությամբ հարբած փղերի դերն անձամբ կատարեց:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031