Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում, պատասխանելով հարցին, թե
ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը Վրաստանի նախագահական ընտրություններում, ասաց. «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն Գրիգորի Մարգվելաշվիլին է: Չնայած նա ցածր վարկանիշ ունի, բայց այս անձի առաջադրումը մի բան է ցույց տալիս` Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Վրաստանն անցում կատարեց պառլամենտական համակարգի, նախագահի պաշտոնն արդեն էական չդարձավ: Կոպիտ ասած`Մարգվելաշվիլին, եթե ընտրվի որպես նախագահ, դրածո կլինի: Իմ կարծիքով՝ նախագահի թեկնածու կգրանցվի նաեւ Վանո Մերաբիշվիլին, եթե, իհարկե, ազատ արձակեն, չի բացառվում, որ իր թեկնածությունն առաջադրի նաեւ Դավիթ Բաքրաձեն»:
Խոսելով այն մասին, թե Վրաստանում արդյոք հայ համայնքը կողմնակի՞ց է եվրոպական կառույցների անդամակցմանը, թե այնուամենայնիվ՝ վրաց ազգային արժեքների պահպանմանը, Մելիքյանը կարծիք հայտնեց, որ վրացիների մեծ մասը հավասարության նշան է դնում հոմոսեքսուալիստների եւ հայերի միջեւ: Նա նաեւ հավելեց, որ վրացիների հետ մեր խնդիրները դարերի պատմություն ունեն: Հայերի՝ Թիֆլիսում ունեցած հաջողությունները դեռեւս 19-րդ դարում վրացիների մոտ զայրույթ էր առաջացնում:
Վրացագետի համոզմամբ՝ վրացիների մեջ հայերի նկատմամբ ունեցած ֆոբիաներ կան ու դրանք պետք է նրանց միջից հանել. «Մեր եկեղեցին ու մեր դեսպանը Վրաստանում ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ