Ինչպես հայտնի է, Գյումրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք եւ հունիսի 2-ից երկրագնդի տարբեր հատվածներից հյուընկալելու էր մշակութային համաշխարհային դեմքերի: Բայց քանի որ ավերակ, քարուքանդ ու ցեխի մեջ շաղաղված Գյումրին պատրաստ չէր այդ միջոցառուներին, կառավարությունը, խայտառակ չլինելու համար, որոշեց վերականգնել քաղաքի որոշ կենտրոնական փողոցներ: Սակայն Գյումրիում անդադար տեղացող անձրեւները բառի իսկական իմաստով ասֆալտապատողների քթից բերեցին: Օրերս հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը եղանակային վատ պայմանների պատճառով ստիպված է հետաձգել մշակութային միջոցառումները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտոնական գրություն է հղել կառավարությանը` խնդրելով մշակութային մայրաքաղաքի միջոցառումները տեղափոխել հունիսի 30-ին:
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ասաց. «Եղանակային վատ պայմանները մեզ խանգարեցին, գիտեք բացօթյա են լինելու միջոցառումները`կենտրոնական հրապարակում, աշխարհի տարբեր երկրներից հյուրեր ունենք, անպես որ չի կարելի կասկածի տակ դնել էդ մեծ միջոցառումը, բա որ կասկածի տակ դնենք ու հանկարծ ինչ-որ խնդիրներ առաջանան: Հիմնական պատճառը դա էր, բայց մյուս կողմից լավ է, որ հետաձգվեց, մենք պետք է հասցնեինք հրապարակը, փողոցները կարգի բերել, այս առումով լավ եղավ, որ հնարավորինս շատ ժամանակ ունենք բարեկարգելու: Եղանակներն էլ ասում են, որ հունիսից չորային են լինելու, Աստված տա անձրեւ չլինի, մենք մեր նպատակը կատարենք: Չպիտի մոռնանաք, որ Գյումրին ամբողջ աշխարհին է ներկայանալու, ոչ միայն Հայաստանին, քաղաքի տեսքը պարտադիր պետք է ներկայանալի լինի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ